«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ինչպես տեղեկացրել էինք, երեք օր անցկացրել են Դիլիջանում: Շաբաթ օրը ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետներն են նրանց հետ թրեյնինգն անցկացրել, թե ինչպես Հայաստանում հասարակությանն ուղղորդել դեպի արեւմտյան արժեքները: Իսկ կիրակի օրը Դիլիջան է ժամանել Նիկոլ Փաշինյանը, եւ մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Վերջինս իր հերթին է շարունակել պրոարեւմտյան թրեյնինգը` ՔՊ-ական ուսապարկերի հետ: Ամենայն մանրամասնությամբ խոսել է, թե ինչի մասին է պետք հրապարակային խոսել, ինչի մասին` լռել։ Պատահական չէ, որ փակ հանդիպումից անմիջապես հետո իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդեցին, թե իբր քննարկման օրակարգում եղել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը, եւ որ ՀՀ իշխանությունները «տրամադրված» են մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքել։ Այն պարագայում, երբ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Բաքուն միտված է տապալելու խաղաղության պայմանագիրը», քանի որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», ինչը Բաքվի համար անընդունելի է։
Մեզ պատմեցին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը կուսակցականների հետ հանդիպման ողջ ընթացքում խոսել է պայմանագրի ստորագրման անիրատեսական լինելու մասին։ Իհարկե, հանձնարարվել է, որ բոլորը մեկ մարդու պես հայտարարեն, որ մինչեւ տարեվերջ, ըստ ամենայնի, պայմանագիրը կստորագրվի, սակայն միեւնույն ժամանակ անկեղծացել է, որ առկա տարաձայնությունները՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ Արեւմուտք-Ռուսաստան տիրույթում, իրեն լավատեսություն չեն ներշնչում, եւ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում կյանքի չկոչվի։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ իր եւ Ալիեւի վերջին հանդիպման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ուշագրավ միտք է հայտնել՝ ասելով, որ այդ հանդիպման միակ կառուցողական դրվագը կամ «ձեռքբերումն» այն է, որ պայմանավորվել են հաջորդ հանդիպման հարցում: Ասել կուզի՝ բանակցությունները չեն տապալվել, բայց որեւէ առաջընթաց, որեւէ առարկայական նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից, Բրյուսելում եւս Ալիեւը շարունակել է պնդել, որ Արցախի հարցը լուծված է, կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ արցախահայությունը պետք է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության` համայնքի կարգավիճակով շարունակի իր գոյությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը, ըստ Փաշինյանի, պետք է պաշտպանի արցախահայության ինքնորոշման իրավունքը, ասվել է, որ, իհարկե, այս պայմաններում անկախության մասին խոսելն անիրատեսական է, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան ինչ-որ կարգավիճակ պետք է սահմանվի, դիցուք՝ Արցախը հանդես գա որպես ինքնավար միավորում՝ իր բոլոր ստրուկտուրաներն ունենա եւ այլն:
Սակայն հավելել է նաեւ, որ Արցախի հետ կապված ցանկացած տարբերակ Ալիեւի համար կատեգորիկ մերժելի է։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ եթե «ստատուս քվոն» պահպանվի, եւ կողմերը ձգեն այս անորոշ իրավիճակը, չստորագրեն պայմանագիրը, ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանական նոր սադրանքներ, «Փառուխի նոր օպերացիաներ» չեն լինի։ Պատասխանը եղել է այն, որ երաշխիք չկա։ Վարչապետին առաջարկել են` այդ պարագայում ճիշտը ստորագրելն է կամ էլ ՌԴ-ին շանտաժ անելը, որ կա՛մ պահում ես Արցախի անվտանգությունը, սանձում ադրբեջանցիներին, կա՛մ էլ Հայաստանը հայտարարում է արցախահայությանը Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության պայմանները հոգալու եւ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Որքան էլ զարմանալի է, բայց Փաշինյանը բազմանշանակ լռել է այս առաջարկներին ի պատասխան։
Բացի այդ, ընդգծել են, որ պատասխանատվության սլաքները պետք է ուղղել Արցախի իշխանությունների կողմը, ցույց տալ, որ նրանք են կպած Ռուսաստանին, հետեւաբար՝ սադրանքների ողջ պատասխանատվությունը պետք է իրենք կրեն։
Չի բացառվում, որ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների կողմից մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու լուրերի «ավետիսի» պատճառը սեպտեմբեր 7-ին սպասվող հանդիպումն է․ այդ օրը Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցելու է «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին, որին մասնակցելու են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ պետությունների ղեկավարներ։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր սիրելի Արեւմուտքի միջոցով հարցեր լուծել, որոշել է ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժի լեզվով խոսել: Բայց այսպիսի արկածախնդիր քաղաքականության հետեւանք էր նաեւ 20 թվի պատերազմը, ցավոք, դրանից հետո էլ Փաշինյանը շարունակում է վտանգներվ լի պահվածքը՝ մանեւրելով մե՛կ Արեւմուտքի, մե՛կ Ռուսաստանի առջեւ։
ՀԳ․ Դիլիջանյան հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու խոչընդոտներից մեկն էլ Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն Ալիեւը պնդում է, որ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք է պետք իրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում