Իջևանի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։
Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է: