Փորձագետները քննարկում են, թե ինչու էր Էրդողանին անհրաժեշտ միջնորդություն Զապորոժիեի ատոմակայանի հարցում այն բանից հետո, երբ տապալվեց Զելենսկիին հրադադար պարտադրելու նրա համատեղ առաքելությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը մեկնեցին Լվով, որտեղ նրանք փորձեցին համոզել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին համաձայնվել Ռուսաստանի պայմաններով զինադադարին: Դա տեղի ունեցավ օգոստոսի 5-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, իսկ Էրդողանի «առաքելության» գինը, ինչպես միաբերան ասում են ռուս փորձագետները, Բերձորի միջանցքն էր։
Փորձագետներն այժմ քննարկում են, թե հիմա ինչին է հավակնում Էրդողանը: Նրանց կարծիքով, խոսք կարող է լինել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ նույնիսկ եթե Էրդողանի նոր փորձը կրկին տապալվի, ՀՀ հարավի հարցը լուծված է։
Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումից հետո Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարվեց «խաղաղության պայմանագրի» վրա աշխատանքը սկսելու մասին, իսկ սահմանազատման հարցերով փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Բրյուսելում հանդիպումից առաջ ակնարկել էր, որ Լաչինում իրավիճակը սրվել էր, քանի որ պաշտոնական Երևանը մերժել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրել։ Բրյուսելի հանդիպումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բաքուն փորձում է խաթարել խաղաղ գործընթացը։ Մի քանի օրվա դադարից հետո Բաքուն կրկին սկսել է հաղորդագրություններ տարածել իբր հայկական ուժերի կողմից գնդակոծությունների մասին, ինչը նոր էսկալացիայի տեղեկատվական նախապատրաստություն է, չի բացառվում՝ այն վայրերում, որտեղով պետք է անցնեն «միջանցքները»։
Lragir.am