Search
Close this search box.

Թուրքիայում քաշն իջեցնող էժան վիրահատություններն ուշադրության կենտրոնում են հայտնվել՝ բարձր մահացության պատճառով

Բրիտանացի շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վիրահատվել եւ նվազեցնել քաշը Թուրքիայում, տառապում են բարդություններից, եւ այս հարցը լուրջ խնդիր է դառնում, գրել է Mirror բրիտանական թերթը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2019 թվականից բրիտանացի 20 քաղաքացի մահացել է Թուրքիա կատարած բժշկական զբոսաշրջային ուղեւորության ժամանակ։

Բոլորովին վերջերս 26-ամյա Քիլիսիա Աշամուն մահացել է Իզմիրում քաշի նվազեցման վիրահատությունից մեկ շաբաթ հետո առաջացած բարդությունների պատճառով։ 25-ամյա շինարար Ջո Թոռնլին նույնպես մահացել է Ստամբուլում ստամոսքի փոքրացման վիրահատությունից հետո, ներքին արնահոսության պատճառով։

Բարդություններն առաջանում են հետվիրահատական խնամքի բացակայության պատճառով, ասել է բրիտանացի բարիատրիկ վիրաբույժ Օմար Խանը Mirror թերթի հարցազրույցում։ Խանի խոսքով՝ պացիենտներին թույլ են տալիս թռչել տուն՝ Մեծ Բրիտանիա, վիրահատությունից մի քանի օր հետո։

Մահացած երկու պացիենտները՝ Աշամուն եւ Թոռնլին, նախապես պատվիրել էին իրենց վիրահատությունները, հիվանդանոցում գտնվելը եւ ինքնաթիռի տոմսերը՝ 3 000 ֆունտ ստեռլինգով (3 450 դոլար)։ Մեծ Բրիտանիայի մասնավոր հիվանդանոցներում այդ նույն միջամտությունը 12 000 ֆունտ ստեռլինգ կարժենար, եւ չնայած Առողջապահության ազգային ծառայությունն անվճար է մատուցում այդ ծառայությունը, սպասման ժամանակը կարող է հասնել հինգ տարվա։ Առողջապահության ծառայության հաշվարկներով՝ նման վիրահատությունների եւ ծանր բարդությունների, որոնք կարող են առաջանալ, բուժման արժեքը մեկ պացիենտի համար կարող է հասնել 50 000 ֆունտ ստեռլինգի։

Օգոստոսին Turkish Airlines-ը համաձայնագիր է ստորագրել Ծառայություններ արտահանողների միության (HİB) հետ՝ Թուրքիայի եկամուտները բժշկական տուրիզմից 2023թ. 5 մլրդ դոլարի հասցնելու մասին։ Երկրի առաջատար ավիաընկերությունը կհամագործակցի ավելի քան 700 ընկերությունների հետ, որոնք բժշկական ծառայություններ են մատուցում։

Միջին զբոսաշրջիկը Թուրքիայում հանգստանալու համար ծախսում է 750 դոլար, մինչդեռ բժշկական զբոսաշրջիկները ծախսում են մոտ 2 000 դոլար։

Please enter a valid URL