Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման չի բացահայտել պետական դավաճանության մեջ մեղադրվողների թիվը։
Մենք խնդրել էինք ԱԱԾ–ին տվյալներ ներկայացնել, թե որքան մարդ է որպես մեղադրյալ (կամ կասկածյալի կարգավիճակով) ներգրավվել պետական դավաճանության և լրտեսության փաստով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո քրեական վարույթների շրջանակում։
Մենք հետաքրքրվել էինք նաև, թե որքան մարդու նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել կամ որոշում կայացվել` այն չսկսելու վերաբերյալ։
«Պահանջված տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի` հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով դրանք տրամադրման ենթակա չեն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Եվ դա այն դեպքում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 11-ին հայտնել էր, որ պետական դավաճանության փաստով (2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր) ԱԱԾ–ի Քննչական դեպարտամենտում 10 քրեական գործ է ուսումնասիրվում, որպես մեղադրյալ ներգրավված է 43 անձ, որից 10-ը կալանքի տակ են։ Եվս 3 քրեական գործ, որոնք առնչվում են 12 անձանց, արդեն իսկ դատարան են ուղարկվել, 11 մեղադրյալ կալանավորված է։
Հարցումն ուղարկվել է և պատասխանը ստացվել օգոստոսի առաջին կեսին։