Search
Close this search box.

Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում․ Պուտինը վա բանկ է գնում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը կարող է նշանակել Ռուսաստանում նոր զարգացումների մեկնարկը։ Մեդուզան, հղում անելով Կրեմլի աղբյուրներին, գրել է, որ նա կարող է ղեկավար նոր պաշտոն ստանձնել Ազգային գվարդիայում։

Ազգային գվարդիան ստեղծվել է ներքին զորքերի հիմքի վրա եւ համարվում է Պուտինի անձնական գվարդիան։ Դրա հրամանատարը Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Զոլոտովն է։ Իր հերթին, Կադիրովի անձնական գվարդիան «հաշվառված է» որպես Ազգային գվարդիայի ստորաբաժանում։ Կրեմլի աղբյուրները չեն բացառում, որ նա կարող է նշանակվել պաշտպանության նախարար, նկատի առնելով, որ թե Կրեմլում, թե ուժային բլոկում դժգոհություններ կան բանակի ղեկավարությունից, որն ամբողջապես հեռացվել է Ուկրաինայում պատերազմի ղեկավարումից։ Միաժամանակ, հատուկ ծառայությունները դժգոհություններ ունեն նաեւ Կադիրովից, եւ նրա հնարավոր նոր նշանակումը դիտարկվում է որպես Պուտինի կողմից հակակշիռ ստեղծելու փորձ։

Փորձագետների կարծիքով, Պուտինի ամենավստահելի մարդկանց՝ Զոլոտովի ու Կադիրովի վերաբերյալ այս տեղեկությունները վկայում են, որ ՌԴ նախագահը փորձում է ամրացնել իր դիրքերը Ուկրաինայում ռազմական արշավի տապալումների եւ պատժամիջոցների ազդեցության ֆոնին, որոնք կարող են ներքին ցնցումներ առաջացնել երկրում։ Նշվում է, որ նրա դիրքերը թուլանում են, որը կապված է իշխանական խմբավորումների աճող դժգոհության եւ իշխանության հնարավոր տրանզիտի հետ։ Դրա նշաններն են ինչպես լիբերալ ու հակապատերազմական շրջանակների ոչնչացումը, այնպես էլ խորհրդավոր մահերը ուժային կառույցներում եւ խոշոր կորպորացիաների ղեկավար կազմի շրջանում։ Խորանում են հակասությունները ուժային բլոկի կառույցների միջեւ։ Միեւնույն ժամանակ, երկրում ուժեղանում են ֆաշիստական եւ ծայրահեղական այլ շրջանակների դիրքերը, որոնք պահանջում են ամեն գնով հաղթանակ։

Զուգահեռ, Կրեմլը փորձում է քաղաքացիական պատերազմը «արտահանել» Եվրոպա եւ էներգետիկ ու միջուկային շանտաժով սոցիալական դժգոհություններ ու ներքին ցնցումներ հրահրել այդ երկրներում։ Իտալիայում ու Չեխիայում կառավարական ճգնաժամերը Կրեմլը դիտարկում է որպես այդ քաղաքականության հաջողության նշաններ։ Միաժամանակ, Եվրոպայում ակտիվանում են պրոպուտինյան մարգինալ շրջանակները՝ աջ եւ ձախ ուղղվածության ծայրահեղական կազմակերպությունները, դավադրապաշտական խմբերը։ Արեւմտյան ձախական մամուլը հեղեղված է Գազպրոմի առատ վճարով գրված հոդվածներով, որոնք ուրվագծում են Եվրոպային սպասող աղետը։

Պուտինն ակնհայտորեն վա բանկ է գնում, ինչն անկասկած իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, որտեղ նա փորձում է իր վստահելի դաշնակցի՝ Էրդողանի հետ ավարտին հասցնել իր միակ ու թերեւս վերջին հաջողությունը, այն է՝ հայկական պետականության վերացումը։
lragir.am

Please enter a valid URL