«Մենք հայտարարել ենք, որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր։ Հայաստանին սրան համաձայնելու համար պահանջվեց մոտ երկու տարի։ Իմ կարծիքով՝ սա հանդիպումների ամենակարևոր արդյունքներից մեկն էր», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում:
Ալիևը հույս է հայտնել, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել․ «Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե հայկական կողմը նման կամք դրսևորի, ապա, իմ կարծիքով, դա իրական է»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի համար հիմք հանդիսացող Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, և դա վերահաստատվել է Բրյուսելի հանդիպմանը:
«Առաջին՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, երկրորդ՝ հրաժարում ցանկացած տարածքային հավակնություններից, երրորդ՝ հրաժարում ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, չորրորդ՝ սահմանազատում, հինգերորդ՝ հաղորդակցությունների բացում: Սրանք Հայաստանին Ադրբեջանի առաջարկած հինգ բազային սկզբունքներն են, և Հայաստանի վարչապետը դրանք ընդունել է: Դա ևս մեկ անգամ հաստատում գտավ Բրյուսելում երկու օր առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ: Մեր արտգործնախարարները տվյալ հինգ սկզբունքների հիման վրա կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների»,- հայտարարել է Ալիևը Իտալիայի Չերնոբիո քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ։