ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում անդրադարձավ նոխօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ կայացած իր հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի նախգահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
«Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում եմ մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ ելույթներում: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, եւ պարզ չէ եւ հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է հետեւողական աշխատենք եւ նաեւ կարծում եմ, որ անհրաժեշտություն է, նաեւ մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական ու համապարփակ խաղաղություն, եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա:
Այլ մանրամասներ հաղորդելու այս պահին, պարզապես, չկա, որովհետեւ իսկապես այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է: Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա իհարկե, անպայման կանենք»,-ասաց նա: