Search
Close this search box.

«Նա արժանի չէր սրան». Մովսես Հակոբյանը` Արզումանյանի մասին

Միքայել Արզումանյանի հետ կատարվածին շատ վատ եմ վերաբերվում, նա արժանի չէր սրան, լավ զինվորական էր:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունները Միքայել Արզումանյանին մեղադրում են Շուշիի պաշտպանության ժամանակ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, Մովսես Հակոբյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել,տեղյակ չեմ, դրա գնահատականը կարող է տալ Արզումանյանի վերադասը՝ ԳՇ պետը կամ վարչապետը»:

Թե ինչո՞ւ զինվորականները չեն արձագանքում նման երևույթներին, երբ իշխանությունները փորձում են թիրախավորել իրենց մարտական ընկերներին և պատերազմի պարտության մեղքը նրանց վրա բարդել՝ Մովսես Հակոբյանը ասաց, թե իմաստ չկա արձագանքելու, քանի որ դա օգուտ չի տալու:

Հարցին՝ արդյո՞ք նման լռության հետևանքով հաջորդը չեն թիրախավորվի բոլոր այն զինվորականները, ովքեր պատերազմի պահին եղել են ռազմական բունկերում և մասնակցել են որոշումների կայացմանը՝ ԳՇ նախկին պետը չբացառեց. «Ամենաառաջինը ես եմ եղել, իմ գործը արդեն դատարանում է, ամեն ինչ էլ հնարավոր է »,-ասաց Մովսես Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Երևան գալու ճանապարհին, երեկ բերման էր ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը, վերջինս մեղադրվում է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու և իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Հավելենք, որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննվում է այսօր։

Please enter a valid URL