Այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում: Առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը նույնպես նոյեմբերին տեղի կունենա։
Հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։