Search
Close this search box.

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է եւ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը։

«Դատավորը ժամկետ տվեց, որպեսզի նյութերին ծանոթանանք։ Երբ սկսվեց նիստը, մենք խնդրեցինք՝ մեկ օր ժամանակ տրամադրել, քանի որ նյութերին ծանոթանալու համար ամենաքիչը մեկ օր է պետք, նյութերն են ծավալուն էին։ Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, որ նյութերին ծանոթանանք։ Հետո դատարանը փոխեց որոշումն ու մի քանի ժամ տրամադրեց, որպեսզի նյութերին ծանոթանամ»,- ներկայացրեց Սարգսյանը։

Անդրադառնալով այն վարկածին, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, սակայն չի ներկայացել, Սարգսյանը պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Նկարագրվածն մեղադրանքն աբսուրդ է։ Իրենք նկարագրում են իդեալական իրավիճակում կանոններն ինչպես են նախատեսում եւ ինչպես պետք է ընդհանրապես գործի Պաշտպանության բանակի հրամանատարը, բայց իրենք հաշվի չեն առնում, որ ամսի 27-ին է նշանակվել նա։ Նա նշանակվել է այն իրավիճակում, երբ քաոս է տեղի ունեցել, հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի քաոսը վերացվի։ Նույնիսկ հնարավորություն չի ունեցել սովորական կարգով հանձնում-ընդունում իրականացնել։ Իրենք դիտարկում են՝ դու որ Պաշտպանության բանակի հրամանատար ես, դու պատասխանատու ես օրինակ՝ նյութատեխնիկական ապահովվածության համար, զորքի բարոյահոգեբանական վիճակի համար, պատրաստակամության համար. այն դեպքում, երբ նա 27-ին է նշանակվել»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Please enter a valid URL