Search
Close this search box.

Հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանը

Մենք ապրում ենք բարդ իրողություններում, ու ոչ միայն մենք, ողջ աշխարհն է գտնվում անկայունության շատ լուրջ շրջափուլում: Այս մասին հայտարարություն է տարածել Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք չէ ուրիշ ճանապարհներ որոնել. դրանից դուրս գալու կամ դրանից խուսափելու համար ամենաապահով վայրը հայրենիքն է: Այստեղ ապրելու, գործելու և հաջողակ լինելու մեջ է մեր ուժը: Ուրիշ տարբերակ չկա:

Այս միտքն ասել եմ մայիսին՝ Արցախում անցկացվող The FUTURE ARMENIAN ֆորումի ժամանակ, կրկնում եմ հիմա. մենք չենք պարտվել, ոչինչ չի վերջացել, մարդիկ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան տեսնում են Արցախում, և դա կարևոր է ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլև բոլորիս համար, ողջ հայության համար:

Միշտ ասել եմ, որ Արցախը հայկական աշխարհի սյունն է, ոչ թե այն պատճառով, որ այստեղ պատերազմներ են եղել, այլ որովհետև այստեղ, այս հողի վրա խորությամբ պահպանվել են և շարունակում են պահպանվել հայկական ոգին, հայկական արժեքները, մեր բացառիկ պատմամշակութային ժառանգությունը, որոնք մեր ինքնության կարևոր մասն են: Այստեղից ենք մենք ուժ ստանում: Այստեղ մենք ժամանակին հաջողության ենք հասել, և այդ հաջողությունը պետք է անպայման պահպանենք:

Մեր սերունդը պատմական առաքելություն ու պարտավորություն ունի մեր նախնիների և մեր ապագա սերունդների առջև: Մենք իրավունք չունենք հանձնվելու ու թուլանալու: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք զրկելու մեր ապագա սերունդներին իրենց ինքնության արմատներից:

Ու հիմա, փորձելով դասեր քաղել մեր պատմությունից, պետք է առաջ նայենք, գիտակցենք, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնությունն է այն հզոր ուժը, որի շնորհիվ կարող ենք ուժեղացնել մեր հայրենիքը, պահպանել մեր ինքնությունն ու ցույց տալ աշխարհին, որ ընկնելուց հետո կարող ենք արժանապատվորեն ոտքի կանգնել:

Մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք պատասխանատվություն ստանձնել և գործել՝ ձգելով ավելի լավ փոփոխությունների ոչ միայն իր և իր մերձավորների, այլև իր ժողովրդի համար»,-նշված է հայտարարության մեջ։

Please enter a valid URL