Search
Close this search box.

«Սեզոնը» բացվում է․ ինչ խնդիր են լուծում դերակատարները

Ամառն ավարտվում է, արձակուրդներից ու ստվերից կամաց-կամաց դուրս է գալիս ու աշխուժանում «քաղաքական դաշտը»։ Իշխող խումբը վերսկսել է իր խաղաղության ու սթափության վերաբերյալ դեմագոգիան եւ հայկական տարածքների «էյվազլիացումը»։ Կառավարությունը նոր ուժով ձեռնամուխ է եղել «սահմանազատմանը եւ հաղորդակցությունների բացմանը»։ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել, ողջունել է ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանների Շուշի չայցելելը, միաժամանակ չասելով, թե դրանից ինչ՝ մերժո՞ւմ են ռուս-թուրքական սեպարատ «կարգավորումը»։

Խորհրդարանի ռուսանպաստ «ընդդիմությունը» հայտարարել է սեպտեմբերի 2-ից հանրահավաքի ու «դիմադրության շարժմանը նոր թափ հաղորդելու» մասին։ Դատելով հայտարարություններից, որեւէ նոր բան չի սպասվում՝ «շարժմանը նոր թափ է հաղորդվելու» նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության շրջանակներում։ Այդպիսով, շարունակվելու է դիմադրության գաղափարի նենգափոխումն ու վարկաբեկումը։

Շարունակվելու է ներքաղաքական բալագանը խորհրդարանում, զլմ-ներում ու հրապարակներում։ Բալագանի մասնակիցները, կամա թե ակամա՝ էական չէ, լուծում են հանրությանը «նոր իրողություններին» համակերպելու խնդիրը՝ իշխող խմբի՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը փրկենք», ռուսանպաստ ընդդիմության՝ «Նոյեմբերի 9-ը կատարված փաստ է, գոնե մնացածը փրկենք» կարգախոսների ներքո։

Հայաստանի պետականության վերացման ռուսական պլանի իրականացումը տեղի է ունենում արագացված ռեժիմով, ինչը ենթադրում է ագենտուրայի մի քանի էշելոնների ներգրավմամբ ճնշման, շանտաժի ու սադրանքների ուժեղացում։ Դրա հաջողության գրավականը իրական դիմադրության բացառումն է, ինչն էլ ապահովում են հայկական ներքին բալագանի մասնակիցները։
lragir.am

Please enter a valid URL