Ռուսաստանի ներկայիս վիճակը շատերը համեմատում են 1916 թ․ իրավիճակի հետ։ Ռուսաստանը պարտվում էր առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում, երկրում ակտիվացել էին աջ եւ ձախ ուղղվածության ծայրահեղական մարգինալ խմբերը, տեղի էր ունենում ցարի ու ցարական ընտանիքի դեսակրալիզացիա, երկիրը դեգրադացվում էր բոլոր ոլորտներում։ Ի վերջո, տեղի ունեցավ երկու հեղափոխություն, եւ եթե փետրվարյան բուրժուադեմոկրատական հաղթանակը խոստանում էր բարեփոխումների ու զարգացման որոշակի հեռանկար, բոլշեւիկյան հեղափոխությունը փակեց այդ պատուհանը եւ երկիրն ընկղմեց տասնամյակների խավարի, տասնյակ միլիոնավոր մարդկանց սպանությունների, հետամնացության ու մառազմի ճահճում։
Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» ձախողումը, արեւմտյան պատժամիջոցները, անարդյունավետ կառավարումն ու կոռուպցիան Ռուսաստանը դրել են նման վիճակում։ Ծայրահեղական ֆաշիստական խմբավորումները, որոնց գաղափարները որդեգրել էր Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմը՝ սեփական դիրքերն ու գողոնը պահպանելու եւ «քաղաքական նոր կուրսը» հիմնավորելու համար, դուրս են գալիս մարգինալ վիճակից եւ արդեն որոշում են քաղաքականությունն ու հանրային կարծիքը։ Պուտինի դեսակրալիզացիան տեղի է ունենում անձնական ու քաղաքական մակարդակում, ինչը որոշիչ ազդեցություն է ունենալու մին այժմ լոյալ բյուրոկրատական, տնտեսական եւ ուժային վերնախավերի պահվածքի վրա։
Տարբերությունը 1916-ի համեմատ այն է, որ Ռուսաստանը չի ունենալու «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ճանապարհով գնալու հնարավորություն, քանի որ երկրում այդ ռեսուրսը հետեւողականորեն ոչնչացվել է վերջին երկու տասնամյակներին, եւ իշխանությունն անցնելու է նեոբոլշեւիկյան-ֆաշիստական շրջանակներին, գտնում են փորձագետները։ Ռուսաստանը չի պահպանվելու ներկայիս տեսքով, եւ երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, կորցնելու է ժամանակակից զարգացած պետություն դառնալու հեռանկարը, կարծում են նրանք։
Lragir.am