Չնայած աթեիստների, աստվածուրացների, սորոսականների, տարբեր աղանդավորների ու այլ կարգի վճարովի ծառայություններ մատուցողների կատաղի դիմադրությանը Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Երեկ անիմացիոն տարբերակով ներկայացվեց, թե ինչպիսի տեսք է ունենալու արձանն ու համալիրը, ինչպես է վերափոխվելու շրջակա միջավայրն ու ինչ ենթակառուցվածներ են ստեղծվելու:
Տարվա մեծ մասը վառված խոտով պատված անհրապույր Հատիսը դառնալու է կանաչ ու բարեկարգ, տնկվելու են հարյուրավոր ծառեր ու հազարավոր թփեր, կառուցվելու է ճոպանուղի և այլ ենթակառուցվածքներ:
Հատիսը, որի մասին գիտեին միայն շրջակա գյուղերի բնակիչներն ու էլի շատ քիչ թվով մարդիկ, Ծառուկյան ընտանիքի շնորհիվ, երեք տարի անց դառնալու է Հայաստանի այցեքարտերից մեկը, բոլորի կողմից սիրված ու ցանկալի վայր:
Հայաստանում ցանկացած նոր բան ընդունվում է շատ դժվարությամբ: Պահպանողական հասարակությունը, ավելի ճիշտ դրա այսպես կոչված վերնախավը չի սիրում ու մերժում է ցանկացած փոփոխություն` համարելով, որ փոփոխությունները խախտում են իրերի ներկա դրությունը, այդպիսով վտանգելով իրենց դերն ու ազդեցությունը այդ վիճակի մեջ:
Իրենք հարմարվել են գործող իրավիճակին և ցանկացած փոփոխություն համարում են վտանգավոր: Արձանի կառուցման դեմ հանդես եկողները իրականում դեմ են ոչ թե Հիսուս Քրիստոսի արձանին, կամ նրանց իսկապես մտահոգում է Հատիս սարն ու նրա վրա գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները, բացարձակապես. նրանք այդ սարի ու հուշարձանների մասին իմացել են միայն վերջերս, ու նրանց մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ հուշարձանի մասին է խոսքը:
Հիսուս Քրիստոսի արձանի դեմ հանդես եկողները սարսափում են, որ եթե արձանը կառուցվի, ապա այն կարող է էականորեն փոխել հանրային գիտակցությունը: Անպայման կփոխի, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ կտեսնեն, որ ինչ որ մարդիկ ընդամենը տարիներ շարունակ խոսում են, իսկ Գագիկ Ծառուկյանը գործ է անում: Վախենում են, որ հասարակությունը կհասկանա, որ իրենց անիմաստ խոսքից, կասկածելի հայրենասիրությունից, խելոք թվացող մտքերից Հայաստանին ու հայ հասարակությանը որևէ օգուտ չկա:
Մինչդեռ Ծառուկյանի գործունեության արդյունքը հասանելի ու տեսանելի է: Սարսափում են, որ հանրությունը կտեսնի ու կգիտակցի, որ ի տարբերություն շատ շատերի, Ծառուկյանը գումար է ծախսել ու ծախսում ոչ թե իր անձնական բարեկեցության, իր հարստության մեծացման համար, այլ հանրային, համազգային նշանակության կառույց է ստեղծել, որը ապրելու է ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրամյակներ ու հազարամյակներ, ինչպես մեր եկեղեցիներն ու վանքերը:
Միշտ էլ նորի դեմ դիմադրություն եղել է: Երբ կառուցվել են հայկական վանքերն ու եկեղեցիները հաստատ եղել են պոպուլիստ դեմագոգներ, ովքեր ասել են, որ այդ գումարը կարելի է բաժանել մարդկանց, ցորեն կամ այլուր առնել ու բաժանել չքավորներին, այդ գումարով ճանապարհներ կառուցել, բանակի համար նետ ու նիզակներ առնել:
Բայց հայ արքաներն ու իշխանները, հայ ազնվականությունը դարեր շարունակ նյութականից առավել կարևորել են հոգևորը: Մարդիկ հասկացել են, որ ազգը չի ապրում մի փոր հացով կամ բարեկարգ ճանապարհով, ամենահզոր բանակներ ունեցող ազգերն անգամ պարտվել են ու ոչնչացել՝ չունենալով հոգևոր ու բարոյական ուղենիշներ: Եվ նրանք չեն սխալվել:
Նորից ենք կրկնում՝ Հիսուս Քրիստոսի արձանը պաշտամունքի առարկա չէ, ոչ էլ հայ մարդուն կռապաշտության տանելու միջոց, այն մեր 1700-ամյա քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է: Հիմա հայտնվել են վանդալներ, ովքեր սպառնում են, որ ավիրելու են Հիսուս Քրիստոսի արձանը: Սա ևս նորություն չի: Հիմա էլ կան վանդալներ, ովքեր ավերում են հայ մեծանուն հասարակական քաղաքական, ռազմական գործիչների արձաններն ու հուշաքարերը, ինչպես ժամանակին մեր ժողովրդի թշնամիներն են ավերել մեր վանքերն ու եկեղեցիները: Նրանք մեծ վնաս են տվել և շարունակում են տալ մեր ժողովրդին, բայց անկախ այդ վանդալների ու թշնամիների գործած չարագործություններից Հայաստանի վանքերում և եկեղեցիներում շարունակում են կատարվել պատարագներ, շարունկում է հնչել մեր Տեր-Հիսուս Քրիստոսի խոսքն ու հաավաքվել նրա հավատացյալ հոտը: Որովհետև հնարավոր չէ ոչնչացնել այն, ինչ աստվածային է, որովհետև երբեք չի կարող ավերողն ու վանդալը հաղթի կառուցողին և ստեղծողին:
ArmLife.am