Auroranews-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Նունե Համբարձումյանը նշում է, որ իր հինգ տարեկան դուստրը մահացել է «Ուիգմոր» Բժշկական կենտրոնի բժիշկների թույլ տված սխալի, անուշադրության հետեւանքով: Երեխայի մայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր դստեր մոտ դաունի համախտանիշ է եղել, իսկ երեք տարեկանում է ողի կոտրվածք է ստացել:
Երեխան վիրահատության է ենթարկվել, քանի որ ունեցել է երկրորդ ողի ատամիկի կոտրվածք: «Ինձ ասացին՝ վիճակը վատ է, պետք է վիրահատենք: Բայց վիրահատությունը դրսում են կատարում, քանի որ մեր բժիշկները դրան պատրաստ չեն: Ինձ խորհուրդ տվեցին գնալ Արա Անթառանյանի մոտ, որն աշխատում է այդ կենտրոնում: Ես գնացի իր մոտ, ինքն ասաց, որ Շվեցարիայից բժիշկ է գալու կլինիկա: Բժիշկը ժամանեց, նայեց թղթերը եւ ասաց, որ չափից լուրջ վիրահատություն է լինելու: Վիրահատության ընթացքում հնարավոր է լինի շնչառության վատթարացնում, սրտի կանգ, ընդհուպ՝ մահ»,- պատմեց նա:
Նրա խոսքով՝ ինքն այդ ռիսկային վիրահատությանը չի համաձայնվել, սակայն վեց ամիս անց, երբ դստեր վիճակն ավելի է վատացել, ինքը բժիշկ Անթառանյանին տվել է իր համաձայնությունը եւ վիրահատությունը կատարվել է ապրիլի 20-ին:
«Վիրահատությունը բարեհաջող անցավ: Առաջին երկու օրերին երեխան լավ էր, այնքան լավ, որ մտածեցի, եթե այսպես գնաց, մեզ շուտ դուրս կգրեն: Երրորդ օրը երեխայի վիճակը վատացավ: Երբ երեխային իջեցրին պալատ, երեխան խորխ ուներ: Ասում էին՝ ոչինչ: Երեխան այնքան էր քրտնում, որ շապիկը պետք է պարբերաբար փոխեի՝ ջրի մեջ կորած վիճակում էր։ Իրենք իրենց հիվանդանոցում ռենտգեն արեցին, սակայն նշեցին, թե որևէ խնդիր չկա։ Իմ երեխային կիսամեռ վիճակով, երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ կարողացել են ուշքի բերել: Տեղում կատե անելուց հետո իմացանք, որ երեխան երկկողմանի թոքաբորբ ունի։ Այնտեղ արվել է ամեն ինչ, բայց երեխայիս կյանքը փրկել չի հաջողվել: «Ուիգմոր»-ից առ այսօր ինձ չեն կարողանում պատասխանել, թե ինչու է նման բան եղել, որովհետեւ չգիտեն: Ես ասում եմ՝ պարոն Անթառանյան, ինչո՞ւ է իմ երեխան մահացել այն դեպքում, երբ մահը կապ չի ունեցել վիրահատության հետ, ինքը չի կարողանում ինձ պատասխան տալ»,- ասաց Նունե Համբարձումյանը:
Auroranews-ը կապ հաստատեց նաեւ Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Շահանե Մնացականյանի հետ՝ նրանց տեսակետը ևս լսելու համար։ Վերջինս նախ խնդրեց իրենց գրավոր դիմել, հետո որոշ մանրամասներ հայտեց։
«Երեխայի մահվան եզրակացությունը պաթոլոգ-անատոմները տվել են։ Երեխան առողջ չի եղել, նրան չվիրահատելը մի քանի ամիս հետո կբերեր պարարիչի։ Փորձել ենք հնարավորինս օգնել»,- ասաց նա։
Պատասխանելով դիտարկմանը՝ երեխայի ծնողը նշում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, նշեց․ «Այո, բայց ինքը ծանր երեխա է եղել։ Ծնողի հետ եթե խոսեք՝ կիմանաք, որ երեխայի ամեն մի գրիպը մեծ պատմություն է եղել։ Մեր կենտրոնը որևէ կապ չունի երեխայի մահվան հետ»։
Համբարձումյանը չպատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ երեխան վիրահատությունից հետո իրեն լավ է զգացել, հետո նրան վատ վիճակում տեղափոխել են այլ բժշկական կենտրոն, կամ ինչպե՞ս է եղել, որ իրենց ԲԿ-ում չեն իմացել, որ երեխան երկկողմանի թոքաբորբ ունի՝ նույնիսկ ռենտգեն ստուգումից հետո։
«Մնացած հարցերն ուղարկեք գրավոր տարբերակով», — նշեց բժշկական կենտրոնի փոխտնօրենը։