Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում, ռուսական ռազմաբազայի հողահատկացում չի իրականացվել: Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հուլիսին լուրեր էին շրջանառվում, որ Տավուշի մարզում կառուցվում է ռուսական ռազմաբազա։ Մասնավորապես, հիշատակվում էր Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքը, որտեղ ակտիվ շինարարություն էր ընթանում։
Հուլիսի 12-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ պարզելու, թե արդյոք Տավուշի մարզում նախատեսվու՞մ է ռուսական ռազմաբազայի կառուցում, կա՞ն հողատարածքներ, որոնք հատկացվել են ռուսական ռազմաբազային։ Լրատվականը խնդրել էր նաև հստակեցնել՝ շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով։
Նախարարությունից պատասխանի համար լրացուցիչ ժամանակ էին խնդրել։ Ավելի քան մեկ ամիս անց՝ օգոստոսի 16-ին, գերատեսչությունը պատասխանեց ՍիվիլՆեթի հարցմանը՝ նշելով, որ Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չի կառուցվում, ռուսական ռազմաբազայի հողահատկացում չի իրականացվել։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար համայնքի հարակից հատվածում շինարարական աշխատանքներ իրականացվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա, որոնք հետագայում նախատեսվում է հատկացնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ հետագա ծառայության իրականացման համար։ Քննարկվում է նշված տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ ծառայություն իրականացնելու հնարավորությունը»,- նշված է նախարարության պատասխան գրության մեջ։
Լրատվականը նշում է` հետաքրքիր է, որ դեռ հուլիսին Բերդի համայնքապետարանից «Ազատության» բանավոր հարցմանն ի պատասխան նշել էին, որ օդանավակայանի տարածքը համայնքապատկան չէ, ինչը հակասում է ՏԿԵ նախարարության՝ իրենց ուղղված պատասխանին։