Նախագահ Պուտինը փորձում է դուրս պրծնել թակարդից, ուր հենց ինքն է իրեն գցել, գրում է բրիտանական The Guardian թերթի սյունակագիր Սայմոն Թիսդալը:
Նա չի կարող իրեն թույլ տալ ձգձգել պատերազմն Ուկրաինայում, քանի որ արևմտյան պատժամիջոցները խժռում են ռուսական տնտեսությունը, իսկ Ռուսաստանի զինված ուժերի չափերն ու հնարավորությունները անշեղորեն սպառվում են: Այսպիսով, որո՞նք են նրա տարբերակները:
Նա կարող էր շինծու հաղթանակ հայտարարել, հայտարարել, որ ՆԱՏՕ-ի «սպառնալիքը» չեզոքացվել է, և առաջարկել լուծում, որը կճանաչի արդեն իսկ օկուպացված տարածքների անեքսիան։ Բայց նա հաստատ գիտի, որ Կիևը երբեք ինքնակամ չի ընդունի նման պայմանները։ Նա կարող էր խաղադրույք կատարել մարտի դաշտում էսկալացիայի վրա, օրինակ՝ օգտագործել Բելառուսը Կիևից հյուսիս երկրորդ ճակատ բացելու համար: Բայց պարզ չէ, արդյոք դա այն է, ինչ ուզում են նրա գեներալները:
Նա կարող է որոշել, որ լավագույն տարբերակը Ուկրաինայի դաշնակիցների համար խաղադրույքների բարձրացումն է՝ Կիևի դիմադրությունը խաթարելու համար:
Իրականում նա հենց դա է անում հիմա: Եվրոպայում աճում է անհանգստությունը էներգակիրների գների աճի կապակցությամբ: Բացի այդ, Ռուսաստանն ունի զգալի թվով դաշնակիցներ, որոնք սփռված են քաղաքականապես մասնատված Եվրոպայում:
ԵՄ-ի ներսում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս տապալել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները և անցած ամիս կնքել միակողմանի գազային պայմանագիր Կրեմլի հետ:
Իտալիայի երկու ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդները, որոնք ընտրություններից հետո հնարավոր է կազմեն իշխող կոալիցիա, տարիներ շարունակ սերտ կապեր են պահպանում Մոսկվայի հետ։
Եվրոպական մյուս ծայրահեղ աջ (և ծայրահեղ ձախ) պոպուլիստական կուսակցություններն այս կամ այն կերպ իրենց նույնացնում են Պուտինի գաղափարախոսությանը և պահպանողական սոցիալական արժեքներին:
Պուտինը կարող է հույս դնել նաև ԵՄ անդամ չհանդիսացող առաջատար քաղաքական գործիչների վրա, ինչպիսին է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նա Ռուսաստանի վաղեմի դաշնակիցն է և չի մոռացել 1999 թվականին Բելգրադի ՆԱՏՕ-ի ռմբակոծությունը։
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան զգուշանում են, որ Պուտինը կարող է օգտագործել անկայունությունը Արևմտյան Բալկաններում հին հակամարտությունները վերականգնելու և ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար:
Պուտինի անխոհեմ պահվածքը օկուպացված Զապորոժիեի ատոմակայանում հուշում է, որ հանուն հաղթանակի նա պատրաստ է վտանգել գրեթե ամեն ինչ։ Հուսահատ Պուտինը ամեն օր ավելի վտանգավոր է դառնում, եզրափակում է Guardian-ի սյունակագիր Սայմոն Թիսդալը։