Իրանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Եվրամիության ու Ռուսաստանի դեսպանների Սյունյաց այցերին վերջապես հետեւեց Չինաստանի դեսպանի այցը։ Օգոստոսի 25-ին Ֆան Յոնգն այցելել է Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր եւ խոսել տնտեսական համագործակցության նոր ոլորտներ գտնելու եւ չինացի ներդրողներին ներգրավելու հնարավորությունների մասին։
Իրանը եւ Արեւմուտքի առաջատար պետությունները հստակ դեմ են արտահայտվում Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հարավի անեքսիայի ծրագրերին։ Իրանի հոգեւոր ու աշխարհիկ բարձրագույն ղեկավարները նույնիսկ հրապարակային այդ մասին ասել են ՌԴ եւ Թուրքիայի ղեկավարությանը, ավելացնելով, որ Իրանը թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն։
Չինաստանը 2020-ի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի խնդրանքով տապալեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը, դրա դիմաց Մոսկվայից ու Անկարայից ստանալով արտոնությունների խոստումներ Հայաստանի հարավով տրանսպորտային միջանցքում։
Ապրիլին Սյունիքի հարավում երկաթուղու և հատկապես ավտոմայրուղու շուրջ Հայաստանին պահանջներ առաջադրելով, Չինաստանի արտգործնախարար Վան Ինը հղում էր անում չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարիքներին ու օգուտներին և ակնարկում «այն զարգացման ուղին, որն ընտրել է հայ ժողովուրդը, հաշվի առնելով երկրի իրողությունները»։
Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղիների տնտեսական օգուտների մասին խոսակցություններն իհարկե կատարյալ անհեթեթություն են, եւ դժվար թե Պեկինում չիմանան այդ մասին։ Իր հերթին, դատելով 2020 թվականի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում Անկարայի և Մոսկվայի օգտին քվեարկությունից, Պեկինում տեղյակ են, որ Արցախում Հայաստանի դեմ պատերազմը եւ «հետպատերազմյա կարգավորումը» սահմանազատմամբ ու հաղորդակցությունների «ապաշրջափակմամբ» կոչված են երկարաձգելու և ընդլայնելու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի այդ պահին ժամկետանց դրույթները։
Պեկինում տեղյակ են նաեւ, որ ռուս-թուրքական ծրագրերի իրականացմամբ, որին փաստորեն միանում է Չինաստանը, Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից, խզվում է Եվրոպա-Հայաստան-Իրան-Հնդկաստան հաղորդակցությունը՝ դրանից բխող տնտեսական և ռազմական հետևանքներով։ Հայաստանը մեկուսացվում է Մոսկվայի հսկողությամբ հյուսիսում ու հարավում, թուրքերի կողմից՝ արեւելքում՝ Երասխ, եւ արեւմուտքում՝ Կարս։ Այսինքն, իրագործվում է Հայաստանի ինքնիշխան պետականությունը վերացնելու լավրովյան պլանը։
Ռուսաստանին իրանցի բարձրագույն պաշտոնյաների հարցը կարելի է վերաուղղել Չինաստանին՝ դուք կո՞ղմ եք աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը տարածաշրջանում։ Հայերի հնագույն քաղաքակրթության, տնտեսական օգուտների, նոր իրողությունների եւ նման այլ շաղակրատանքի փոխարեն Պեկինը լավ կաներ հստակ պատասխաներ այդ հարցին։ Եթե Պեկինին շատ է ոգեւորում Հայաստանի տարածքով ճանապարհը, ապա կարող էր ՄԱԿ ԱԽ-ում քավել իր ամոթալի պահվածքը, նախաձեռներ 1921-ի ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի հետեւանքների վերացման հարցը եւ նպաստեր Կարսի, Արարատի, Նախիջևանի և Արցախի, այսինքն ՀՀ պայմանագրային տարածքների վերադարձին Հայաստանի իրավասության ներքո։ Հայկական Արցախից մինչեւ Կարս ճանապարհն այդ դեպքում Պեկինի համար կլիներ հուսալի ճանապարհ, թե «պատմական արդարության», թե «քաղաքակրթական հնագույն արմատների» տեսակետից, որի մասին պատեհ-անպատեհ սիրում են խոսել չինացի պաշտոնյաները։
Lragir.am