Search
Close this search box.

Ադրբեջանը վիրավորվել է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններից, որոնք չեն մասնակցել օկուպացված Շուշիի համաժողովին

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր եւ ամոթալի քայլ են, օկուպացված Շուշիում կայացած համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, գրում է haqqin.az-ը։

Հաջիեւի խոսքով՝ այն երկրները, որոնք իրականացրել են Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը, «պետք է ամաչեն միջազգային հանրության առջեւ»։

«Որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա այս պետություններին միջազգային հանրության կողմից տրվել է մանդատ՝ այս անարդարությունը վերացնելու, օկուպացիան եւ ագրեսիան դադարեցնելու համար։ Բայց ոչ մի թիզ ադրբեջանական հող չի ազատագրվել օկուպացիայից, Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի վերադարձել իր հողը։ 30 տարվա անհաջող գործունեությունից հետո ինչ-որ մեկին Մինսկի խմբի համանախագահ նշանակելը պարզապես ամոթալի քայլ է»,- ասել է Հաջիեւը։

Հիքմեթ Հաջիեւը նաեւ նշել է, որ ներկայումս Շուշիում են ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից. «Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ… Մեր դիվանագետ ընկերներն ու գործընկերները չեն կարող թաքցնել իրենց զարմանքը Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների վերաբերյալ»:

«Բայց կա երկու երկիր, որոնք չեն մասնակցում այս միջոցառմանը, դրանք են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Նրանց բացակայության պատճառը հասկանալ չենք կարող… Հետագայում նրանց այլեւս չենք հրավիրի… Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման եւ վերակենդանացման մասին հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են իրականացրել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում։ Հասկանալի չէ՝ նրանք չեն կարող ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ Շուշի քաղաքի վերակառուցման ու վերականգնման աշխատանքները։ Առաջին հերթին նրանք պետք է պատասխան տան ադրբեջանցի ժողովրդին։ Եթե իրենք իրենց համարում են Ադրբեջանին բարեկամ երկրներ, ապա պետք է իմանան, որ Շուշին ադրբեջանական ժողովրդի սիրտն է, քաղաք, որը Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու սրտում է։ Այն փաստը, որ նրանք այստեղ չեն եկել, եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե 30 տարվա բանակցությունների ընթացքում ինչ նպատակներ են ունեցել ու ինչ շահագրգռվածություն են ունեցել»,- ասել է նա։

Please enter a valid URL