ՌԴ օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության զենքով խոցել են Զապորոժիեի «Մոտոր Միչ» գործարանի արտադրամասը, որտեղ վերանորոգվում էին ուկրաինական ուղղաթիռները։ Այս մասին այսօր հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում խոցվել է ուկրաինական երեք կառավարման կետ, մասնավորապես ուկրաինական զորքերի 54-րդ մեքենայացված բրիգադի կետը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրախովո շրջանում: Խոցվել են նաև 42 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ուկրաինական ռազմական տեխնիկա՝ 139 շրջաններում:
«Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի շրջանում ոչնչացվել է նավթապահեստը, որտեղից իրականացվում էր վառելիքի մատակարարումը Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին։ Ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի ութ պահեստներ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովում, Նիկոլաևսկի և Դնեպրոպետրովսկի մարզերում»,- ասված է նախարարության ամփոփագրում:
ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքի հարվածներով ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ բնակավայրում: Ոչնչացվել են մինչև 150 ազգայնական և 10 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա:
Բացի այդ, նախարարությունում նշել են, որ Սլավյանսկի շրջանում բարձր ճշգրտության հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է ոչնչացվել, որոնք ուսուցում էին անցնում ուկրաինական բանակի պահեստազորի պատրաստման կենտրոնում:
Դոնեցկի ուղղությամբ դաշնակից զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում Ուկրաինայի տարածքային պաշտպանության 241-րդ բրիգադի 204-րդ գումարտակի կորուստն Արտեմովսկ բնակավայրում գերազանցել է անձնակազմի 60 տոկոսը: «Լիման» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարությունը մարտական գործողությունների շրջանից բրիգադի ստորաբաժանումները դուրս է բերել Կիև՝ համալրելու համար: