Search
Close this search box.

«Տարանջատման» միասնությունը․ ՌԴ առաջադրանքը կատարված է

Մինսկի խմբում նոր համանախագահ նշանակելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ Բաքվի նյարդային դեմարշում հատկանշական տողեր կան․ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»։

Ինչպես Լավրովը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում են, որ Արցախի, սահմանազատման, հաղորդակցությունների, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները կապված չեն իրար հետ, ինչը կրկնում է նաեւ Բաքուն։ Մոսկվա-թուրքեր-Երեւան «երգչախմբում» ամենաազնիվն Անկարան է, որը բոլոր այդ խնդիրները կապում եւ պայմանավորում է միմյանցով։ Իրականում այդպես էլ կա՝ իրագործվում է Հայաստանի պետականությունը վերացնելու Պուտին-Լավրովի ընդլայնված պլանը, իսկ խնդիրների «տարանջատումը» մի կողմից հայ հանրությանը մոլորեցնելու եւ բանակցությունների թեման նենգափոխելու, մյուս կողմից՝ ռուս-թուրքական ծրագրերն անխափան իրագործելու եւ «օրինականացնելու» հնարք է։

Դրա համար մեկ այլ «տարանջատում» է պետք, որն իրագործում է մոսկովյան պողպատե մանդատի մյուս բաղադրիչը՝ ռուսանպաստ «ընդդիմությունը»․ տարանջատում է ռուսներին ու թուրքերին՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն անշրջելի հռչակելով ու շինծու հակաթրքականությամբ։ Նրա քարոզչական ահռելի ռեսուրսը դրված է այդ խնդրի սպասարկմանը՝ պատասխանատվությունը ռուսների ու այդպիսով նաեւ թուրքերի վրայից հանելով։

Եվ վերջապես երրորդ՝ ՀՀ-ում մոսկովյան մանդատակիրների «տարանջատումը» նույնպես Կրեմլի պլանի անհրաժեշտ բաղադրիչն է, իսկ ներքին բալագանը քպ-ական խմբակի ու «ընդդիմության» միջեւ հանրության ուշադրությունը բուն խնդրից շեղելու եւ ռուսների ու թուրքերի սահմանած «նոր իրողություններին» համակերպելու, դիմադրության գաղափարը վարկաբեկելու խնդիր է լուծում։ Ընդամենը։

Այս ամենն արդեն իսկ վկայում է Կրեմլի միասնական ծրագրի գոյությունը, որն իրականացվում է խնդիրների ու դերակատարների «տարանջատման» միջոցով։ Դա անհրաժեշտ է ծրագրի անխափան իրագործման, դրա «օրինականացման», պատասխանատվությունից խուսափելու եւ միջազգային լեգալ կառույցների միջամտությունը բացառելու համար։ Մոսկովյան մանդատակիրներն այդ խնդիրն են սպասարկում՝ ձեռք-ձեռքի Հայաստանը տանելով անէացման ճանապարհով։

Անելիքը հայ ժողովրդինն է՝ թշնամական պլաններն ու դրա դերակատարներին միասնական մերժելու ճանապարհով։
lragir.am

Please enter a valid URL