«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ իրավապահները վերջապես հայտնեցին, որ «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ կան եւ 4 ձերբակալված, բոլորը առեւտրի կենտրոնի աշխատակիցներ են: Թեեւ դատախազությունը գաղտնի է պահում մեղադրյալների անունները, բայց մենք տեղեկացանք, որ ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք: Նրանք կասկածվում են հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ կամ ավելի անձանց մահ կամ այլ ծանր հետեւանքներ:
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում մեկ տարի առաջ ապրիլին բռնկված հրդեհի եւ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործերով պարզել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ եւ ազատ վաճառքով, ինչն արգելված է հրդեհային անվտանգության կանոններով: Այլ կերպ ասած, այստեղ գաղտնի արտադրամաս է գործել: Եվ միջնորդություն է ներկայացվել «Սուրմալուն» փակելու մասին․ «Երեւան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երեւանում գործող խոշոր առեւտրի կենտրոններում եւ հատկապես այն առեւտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առեւտրի սրահներում եւ մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաեւ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչեւ ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը»:
Այսպիսով, կարծես թե պաշտոնապես հաստատվում է արգելված արտադրության վարկածը, այն, որ «Սուրմալուի» պահեստներում պարկերով տրոտիլ են բերել եւ տեղում լցոնելով, «գմփուցիկներ» ու սալյուտներ են արտադրել: Իսկ տրոտիլը պայթում է դետոնացիայից: Ի դեպ, այս վարկածը տեղ էր գրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրի բաժնի պետ Վարդան Մանուկյանի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես տեսնում ենք, պոտենցիալ մեղադրյալների թվում չկան ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները: Ինչպես հայտնի է, այս մարմինն անցյալ տարի ստուգումներ էր իրականացրել ու բազմաթիվ խախտումներ հայտնաբերել «Սուրմալուում»: Եվ ճիշտ կլիներ պարզապես փակել «Սուրմալուն», մինչեւ խախտումները վերացվեին: Սակայն առեւտրի կենտրոնը ո՛չ փակվել է, ո՛չ էլ գոնե հետագայում հետստուգումներ են արվել։ Այսինքն, արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին եւ կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որեւէ գործողություն չի իրականացվել: «Մինչդեռ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել»,- ասված է դատախազության հաղորդման մեջ: Փաստորեն, քննիչները փորձել են «խորանալ» տեսչականի աշխատողների պատասխանատվությունը պարզելու ուղղությամբ, սակայն պետական չինովնիկներին պատասխանատվության կանչելը դատախազության ծրագրերի մեջ, հավանաբար, չի մտնում:
Բացի այդ՝ դատախազությունը հրաշալի որսում է իր վերադասի տրամադրությունները եւ անգամ չհնչեցված հրահանգները, իսկ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մեղմ արտահայտվեց տեսչական մարմնի մասին եւ նշեց, որ նրանք կատարել են իրենց պարտքը՝ խախտումները հայտնաբերել են։ Եթե կես խոսք անգամ հնչեր նրա շուրթերից, թե ինչու չեք հետագայում հետեւել, որ այդ թերությունները վերացվեին, եւ ձեր անգործությունը նույնքան հանցավոր է, որքան բուն պայթյունի պատճառ դարձած պաշտոնյաների արարքները, ապա, վստահ եղեք, այսօրվա մեղադրյալների շարքում անպայման կլինեին Գեղամ Շախբազյանի ղեկավարած հիմնարկի ներկայացուցիչները, իսկ գուցե նաեւ՝ անձամբ հենց ինքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։