Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը պարզաբանում է տարածել օգոստոսի 25-ին տեղի ունեցած ցավալի դեպքի՝ ծննդկանի մահվան կապակցությամբ։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային (ագոնալ) վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երեւան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն եւ գիտակցության կորուստ։
Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։