Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, չբացահայտելով, սակայն նոտայի բովանդակությունը։

«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, հետեւաբար ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,– ասաց Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17–ին, ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։

Please enter a valid URL