Search
Close this search box.

«Ռուսները մեքենաս բռնագրավեցին, մենք էլ չորս հոգով սարեր-ձորերով դուրս եկանք Աղավնոյից»

Արցախի Աղավնո գյուղի վերջին բնակիչները երեկ երեկոյան են դուրս եկել գյուղից, իսկ Բերձոր քաղաքում մի քանի բնակիչ կա այսօր, ովքեր մինչև օրվա վերջ պետք է դուրս գան։

«Այս պահին համայնքում կա մի քանի հոգի, այսօր դուրս կգան, բոլորով միասին դուրս կգանք»,- մեզ հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունեն՝ իրենց դուրս գալուց հետո ռուս խաղաղապահները շարունակելու են մնալ այնտեղ, թե ադրբեջանցիներ են գալու համայնք։

Աղավնոյի բնակիչ Մարտիրոս Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։ Նա նշեց, որ համայնքի վերջին 4 բնակիչը, որոնց թվում է նաև ինքը, երեկ ուշ երեկոյան են դուրս եկել Աղավնոյից։ Ավելի վաղ ռուս խաղաղապահները Աղավնոյի բանկիչներին ասել էին, թե սահմանված ժամկետից հետո չեն կարող ապահովել նրանց անվտանգությունը։ Ըստ Մարտիրոս Հակոբյանի՝ այսօր Աղավնոյում այլևս հայ բնակիչ չկա։

«Երեկ վերջինը մենք ենք դուրս եկել գյուղից, նախքան մեզ բոլորը դուրս էին եկել, որովհետև ժամկետ էին դրել։ Ընդ որում, մեզ հետ կապված ռուսական բանակը խնդիր ստեղծեց, սկզբում ինձ ասում էին՝ դուրս արի, ես մեքենայով պետք է դուրս գայի, չթողեցին, ասացին՝ կարգադրություն կա, որ քեզ չթողնենք դուրս գաս։ Մեքենաս բռնագրավեցին, մենք էլ չորս հոգով սարեր-ձորերով դուրս եկանք Աղավնոյից, բնակարանն էլ այրեցինք։ Իրենց ցանկությունը երևի մեզ թուրքերին հանձնելն էր, մեզ հետապնդում էին»,- ասաց Մարտիրոս Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ ըստ տեղեկությունների՝ երեկ արդեն Բերձոր են այցելել ադրբեջանցիներ, Աղավնո դեռ չէին եկել, բայց ադրբեջանական հրշեջ մեքենաները արդեն գյուղի սահմանների մոտ էին։

Please enter a valid URL