Search
Close this search box.

Կրեմլը հաստատեց պլանը․ Երկու որոշում Մոսկվա մեկնելուց առաջ

Կառավարությունն այսօրվա նիստում երկու որոշում է ընդունել։ Կենսաթոշակի եւ նպաստների բարձրացումը, որը պետք է տեղի ունենար 2023-ի հունվարի 1-ից, տեղի է ունենալու սեպտեմբերից։ Մյուս որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ ՊՆ առաջարկած նախագծին, որով զորակոչիկներին հնարավորություն է տրվում 24 մլն դրամ վճարելով՝ վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Երկու պոպուլյար որոշում, որոնք անկասկած լավ են ընդունվելու զանգվածների կողմից։ «Խաղաղ օրակարգի տրամաբանությանը» համապատասխան։ Այդ օրակարգը պետք է երեւա նաեւ գետնի վրա, մարդիկ զգան դրա առավելությունները։

Հիշվում է՝ Պուտինը, շնորհավորելով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությանը ՔՊ-ի հաղթանակը, նշել էր, որ Փաշինյանն ունի ամենակարեւորը՝ ժողովրդի վստահության քվեն, ինչը թույլ կտա ցավոտ որոշումներ ընդունել։ Դրանից հետո իրար հաջորդեցին ցավոտ որոշումները, որոնք Փաշինյանը հիմնավորում էր այդ վստահության քվեով։

Մոսկվան ներկայում արագացնում է Հայաստանի հանդեպ իր պլանների իրականացումը։ Արցախում ռուսները հանձնեցին Լաչինի միջանցքը, տեղահանելով հայ բնակչությանը, եւ զինաթափման պահանջներ են ներկայացնում։ Հայաստանում պատրաստ են արտատարածքային միջանցքների երթուղիները, ռուսական հենակետերով սահմանափակվելու է ՀՀ իրավասությունը մի շարք տարածքների հանդեպ։ Միով բանիվ՝ Մոսկվան իրագործում է Հայաստանի պետականության լուծարման իր ծրագիրը, որը պետք է «օրինականացնեն» ՀՀ կառավարությունը եւ խորհրդարանն իրենց որոշումներով ու օրենքներով։

Մոսկվայում նախատեսվում է նոր եռակողմ հանդիպում, ինչն անկասկած նշանավորելու է այս փուլի «անվերապահ իրագործումը»։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տրտնջում էր, որ դժվար է պահպանել անկախությունը, քանի որ դաշնակիցը դաշնակցում է մեր թշնամիների հետ։ Դրանից հետո նա զանգել է Պուտինին, զրույցի ընթացքում ընդգծվել է «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման» անհրաժեշտությունը։ Իր հերթին, ՀՀ ռուսանպաստ «ընդդիմությունը» երեկ քաղաքական սեզոնի բացումը սկսեց եռակողմ հայտարարությանն անվերապահ նվիրվածության երդումով։

Lragir.am

Please enter a valid URL