Ուկրաինան իր անկախության օրը երկու խոշոր նվեր է ստացել՝ ԱՄՆ-ն տրամադրել է ռեկորդային՝ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, Գերմանիան՝ 500 միլիոն եվրոյի տրանշ։ Սակայն խնդիրը միայն օգնության չափը չէ, այլեւ՝ փաթեթի պարունակությունը։ Նշվում է, որ ռազմական օգնության այս փաթեթը տարբերվում է նախորդներից։ Նոր ֆինանսավորումը հիմնականում ուղղված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի պաշտպանական դիրքի ամրապնդմանը: Նախորդ փաթեթները կենտրոնացած էին Ուկրաինայի՝ զենքի և զինամթերքի առավել հրատապ կարիքների վրա:
Ավելի պարզ ասած՝ Ուկրաինայի բանակը զինում են արդեն հակահարձակման համար։ Մատակարարվելու են ինչպես մինչ այժմ տրամադրվող զենքեր, այնպես էլ նոր զինատեսակներ։ Ռազմական փորձագետներն ուշադրություն են դարձրել այն իրողության վրա, որ տրամադրվող սպառազինության ցանկում կան նաեւ «անորոշ ձեւակերպումներ», ինչը կարող է նշանակել, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հրապարակել որոշ զինատեսակների անվանումները, որոնք փոխանցվելու են ուկրաինական բանակին։
Զուգահեռ, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան «ջրել են» ՌԴ միջուկային ճգնաժամի սպառնալիքով հրադադարի հասնելու փորձերը եւ հայտարարել, որ միջուկային սադրանքի դեպքում գործարկվելու է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Իր հերթին, Գերմանիան, որը ռուսական էներգակիրների գլխավոր սպառողն է Եվրոպայում, արագ վերացնում է իր կախվածությունը, ինչը թուլացնում է ռուսական էներգետիկ շանտաժի ազդեցությունը։
Փորձագետները եւ քաղաքական գործիչները միաբերան պնդում են, որ ուկրաինական հաջող հակահարձակումը Ռուսաստանում խթանելու է ներկայիս ներքին խուլ դիմակայությունը իշխանական խմբավորումների միջեւ՝ հանգեցնելով խոշոր փոփոխությունների։ Միեւնույն ժամանակ, մինչ այժմ Արեւմուտքի ընդգծված զգուշավորությունը եւ Ուկրաինային «կաթիլային» մատակարարումները բացատրվում էր նրանով, որ Ռուսաստանի արագ ու անկառավարելի փլուզումը վտանգավոր է միջազգային անվտանգության համար։
Lragir.am