Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ.
—Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:
—Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:
—Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:
—Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:
—Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:
Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):
Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:
Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:
Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով: Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»: