Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։
«Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման եւ այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առեւտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։
Նա սուբյեկտիվ է անվանել «Անկարայի եւ Երեւանի երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը»։ «Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երեւանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաեւ Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երեւանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռեւս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից»։ «Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երեւանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։