Search
Close this search box.

Նախկին պաշտոնյան կալանավորվեց

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կալանավորվել են ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյա Գ. Մ.-ն ու նրա մտերիմ անձնավորությունը, որի միջոցով նախկին պաշտոնյան բազմաթիվ չարաշահումներ է արել։
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածք, որոնցից 4-ը` իր մտերիմ Ա. Մ.-ի հետ համաձայնությամբ։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև 2016-2017թթ.-ին վերջիններիս օգնությամբ և Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել են համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:

Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն կազմել են հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթների կեղծ փաստաթղթեր, Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:
Այնուհետև մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով։ Կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, տրվել են անշարժ գույքի սեփականության կեղծ վկայականներ:

Այսպես.
ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ, որից հետո Գ. Մ.-ն ու Ա. Մ.-ն այն վաճառել են 122 մլն ՀՀ դրամով։

Սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:

ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված 415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:

Այս հողատարածքներից բացի, Գ. Մ–ի կողմից 1 մլրդ և 988 մլն դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերով ձևակերպվել են Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով, 1,039 մլրդ արժեքով հողամասը ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:

Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու համար:

Please enter a valid URL