Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տվյալներով լրքգրող, քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը պատվիրված է եղել: Այս առթիվ հարուցված քրեական գործը քննելու է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը:
«Հաշվի առնելով արդեն ձեռք բերված տվյալները՝ հետաքննությունը կարծում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված է եւ պատվիրված է եղել: Արդեն պարզվել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակ՝ վարորդի կողմում։ Դարյա Դուգինան տեղում մահացել է», — ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինան, ով շաբաթ օրը հոր՝ Ալեքսանդր Դուգինի հետ ներկա էր գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին։
Դարյա Դուգինայի մեքենայի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել՝ սպանության դեպքի առթիվ։