Ուկրաինան Զապորոժիեի մարզում ռուս զինվորականների դեմ թունավոր նյութեր է օգտագործել, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դոնբասում և այլ մարզերում ռազմական պարտությունների ֆոնին Զելենսկու ռեժիմը թույլ է տվել ահաբեկչական գործողություններ քիմիական նյութերի կիրառմամբ ռուս զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Հուլիսի 31-ին… Զապորոժիեի մարզի Վասիլևկա գյուղի տարածքում առաջադրանքներ կատարած ռուս զինծառայողները ծանր թունավորման նախանշաններով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ», — ասել են գերատեսչությունից լրագրողներին։
Փորձաքննությունների արդյունքում զինծառայողների մարմիններում հայտնաբերվել է «Բ» տիպի բոտուլինատոքսին թունավոր նյութ։ Գործակալությունը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգի ՊՆ Ռազմական բժշկության գլխավոր գիտահետազոտական և թեստային ինստիտուտի մասնագետները լրացուցիչ անալիզ են անցկացրել, որը հաստատել է նախնական ախտորոշումը։