Արցախցի «ընդդիմադիր» պատգամավորները պատրաստվում են հանդիպել Արցախւմ ռուսական զորակազմի ղեկավարության հետ եւ պարզաբանումներ ստանալ Երեւանում ՌԴ դեսպանատան խորհրդականի հայտարարության կապակցությամբ, որը հայտարարել է, թե ռուս զինվորները չեն հեռանալու Լաչինի գործող միջանցքից այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չէ նոր ճանապարհը։ Նա հղում է արել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Պարզաբանման հարցեր իհարկե կան, հաշվի առնելով, որ օգոստոսի 1-ից ռուսական զորակազմը դադարեցրել է գործող ռեժիմը Բերձորի միջանցքում եւ հայկական կողմին փոխանցել Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայ բնակչությանը տարհանելու պահանջը։ Եվ երբ հայկական կողմը սկսել է կատարել այդ պահանջը, ՌԴ դեսպանորդը նման հայտարարություն է արել։ Ստացվում է՝ հայերին հերթական անգամ խաբեցին, ինչպես Քարվաճառում, Հին Թաղեր-Խծաբերդում, Փառուխում։
Իրականում, որեւէ հակասություն կամ արտառոց բան այստեղ չկա, բացի հայկական կողմի անհույս անմեղսունակությունից։ Ռուսները պարզապես փորձում են հերթական հակահայ ակտի պատասխանատվությունը գցել իրենց վրայից։ Սակայն ի տարբերություն նախորդ դեպքերի՝ օգոստոսի 1-ից տեղի ունեցող արագացված գործողությունները, որոնք բխում են Պուտին-Էրդողան պակտից, պատռում են վերջին շղարշները, որոնց տակ քողարկվում էին ռուսները։ Բերձորի միջանցքը նոյեմբերի 9-ի թղթով պատկանում է Ռուսաստանին, իսկ գործող ռեժիմին դեռ մոտ տարիուկես կա։ Անկախ ամեն ինչից՝ դրա պատասխանատվությունը Ռուսաստանինն է։
Արցախցի պատգամավորները, որոնք պատրաստվում են հանդիպել ռուս հրամանատարությանը, կուտե՞ն հերթական կուտը, որն անկասկած հրամցվելու է նրանց։ Մանավանդ որ, երկու տարի է զբաղված են «եղբայր-խաղաղապահների» սազանդարությամբ։ Եթե ռուսանպաստ քարոզչական աղբից ու պարզապես «օգտակար ապուշների» (սա ռուսական եզր է) վերլուծական դատարկաբանությունից զատ հետեւեին նաեւ այն հրապարակումներին, որտեղ խոսվում էր ռուսական զորքի տեղակայման պայմանների ու իրական նպատակների մասին, ու ի սկզբանե պատասխանատվության տակ դրվեր նրանց ներկայությունը, ներկայիս պարզաբանումների կարիքը չէր լինի։
Կրկին չծավալվելով ռուսական քաղաքականության էության ու նպատակների շուրջ՝ դրանց բազմիցս ենք անդրադարձել, նշենք, որ ռուսական զորակազմի մուտքը հնարավոր էր միայն միջազգային մանդատը շրջանցելով եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում, Շուշին ու Հադրութը թուրքերին հանձնելու դիմաց։ Բաքուն որեւէ քայլ չի անում առանց Ռուսաստանի հետ նվազագույնը համաձայնեցնելու, քանի որ գիտե, թե ինչպես է ձեռք բերվել իր «հաղթանակը»։ Դրանում համոզվելու համար պարզապես պետք է հետեւել ՌԴ եւ Բաքվի աշտոնական հայտարարություններին։
Թուրքագետներն ու արեւելագետներն իրենց ամենօրյա «աշխարհքաղաքական» մեկնաբանություններից զատ գուցե նաեւ անդրադառնային այն խնդիրներին, թե արեւելյան ժողովուրդները, տվյալ դեպքում թուրքերը ինչպիսի պատկերացումներ ու մոտեցումներ ունեն տարածքների հարցում։ Դրանից պարզ կդառնար, թե ինչու նրանց պետք է առաջնորդող, որը պետք է «օրինականացնի» նվաճումները։ Կարելի է հիշել Էրդողանի հայտարարությունը՝ Սիրիայում մենք ոչ մի կրակոց չենք արձակում առանց ռուսների հետ համաձայնության։ Սա հենց այնպես արված հայտարարություն չէ։ Իրավունքի գիտակցությունը ուժ է, մինչ հայերը համոզված են, որ ուժն է ծնում իրավունք։ Դրա ապացույցն է այն, որ Բաքուն 30 տարի խոսում էր բացառապես իր իրավունքներից, հայկական կողմը՝ փոխզիջումներից։
Թուրքերի համար իրավունք շնորհողի դերը կատարում է Ռուսաստանը 100 տարի շարունակ, 1921-ի պայմանագրերը եւ 2020-ի եռակողմ հայտարարությունը դրա վկայություններն են։ Դրա դիմաց Ռուսաստանը մնում էր սպիտակ ձեռնոցներով՝ հայերի փրկչի դերում, ինչը հակահայ ռուս-թուրքական սխեմաների հիմքն է, որը պարբերաբար խորացվում ու ամրացվում է դրածո վարչակարգերի, ակադեմիական բթամտության ու ռուսանպաստ քարոզչական աղբի միջոցով։ Հայ հանրությունը պետք է մնա համայնքային-ծիսական պատկերացումների մակարդակում, հայկական իրավունքների գիտակցումը պետք է բացառվի։
Միեւնույն ժամանակ, պետք է տեղի ունենար անխուսափելին՝ հայկական պետականության լուծարման ռուսական պլանի իրագործումն ինչ որ պահի Ռուսաստանին պետք է դներ Հայաստանի հետ ուղիղ առճակատման վիճակում։ Հիմա դա է տեղի ունենում՝ թուրքերի հետեւում քողարկվելն այլեւս չի ստացվում։ Նաեւ այն պատճառով, որ ինչպես ժամանակին կանխատեսել էինք՝ ստանալով իրենցը, թուրքերն ինչ որ պահի Մոսկվային ասելու էին՝ հիմա էլ դուք արեք սեւ գործը, ձեր դեմքով, ուղիղ։ Օգոստոսի 1-ից դա է կատարվում, այստեղից էլ՝ ռուսների նյարդային ու շփոթված պահվածքը։
Lragir.am