Yerevan.Today-ը հայտնել է, Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած զինված տղամարդն ինքնասպան էր եղել հենց համայնքի ղեկավարի աշխատասենյակում՝ նրա աթոռին նստած։
Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարը, հիշեցնենք, երեք օրով արտերկրում էր գտնվում, արձակուրդում էր։ Միջադեպի պահին արդեն Հայաստան վերադարձած քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն տարածեց՝ հույս հայտնելով, որ իրավապահներին կհաջողվի վնասազերծել նախկին ավագանու զինված անդամին, և միջադեպն անարյուն կավարտվի։
Սակայն րոպեներ առաջ լարված իրավիճակն այլ ավարտ ունեցավ. Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանների հետ ուղիղ եթերում բացել է Մասիսի քաղաքապետի սենյակը, որտեղ մոտ երկու ժամ նռնակներով ներխուժել ու պատսպարվել էր Էդգար Մարգարյանը։
Նրան հայտնաբերել են քաղաքապետի աթոռին ինքնասպան եղած` գլխի շրջանում կրակոցով։
Ավելի վաղ գրել էինք, որ «Լոշտ» մականվամբ հայտնի 44-ամյա Էդգար Մարգարյանը նախկինում եղել էր Մասիսի ավագանու անդամ՝ իշխանական խմբակցությունից։ Ամուսնալուծված էր, անչափահաս երկու զավակի հայր։ 44-օրյա պատերազմի մասնակիցներից է եղել, Մասիսի ջոկատով է մեկնել ռազմի ճակատ ու վերադարձից հետո, ինչպես բնակիչներն են պատմում, լրիվ փոխվել էր նրա վարքն ու ապրելակերպը, ասում են ընկել էր վատ շրջապատ։