Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների հետ։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Առայժմ դեռ հայտնի չէ՝ հանդիպումը երբ կկայանա:
Դավիթ Գալստյանը մանրամասնեց, որ Արցախի Աժ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը և ցանկանում են հանդիպել նրանց հետ Բերձորի միջանցքի հետ կապված հարցերը քննարկելու համար:
«Մենք ուզում ենք Լաչինի միջանցքի հետ կապված մեկնաբանություններ ստանալ՝ ելնելով ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարությունից: Վերջինս, ինչպես գիտեք, նշել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Հիմա ուզում ենք հստակ մեզ ասեն, շարունակելու են վերահսկողության իրականացնել Լաչինի միջանցքում, թե՞ ոչ: Հայտարարությունը հակասական է և լրացուցիչ մեկնաբանման կարիք կա»,- մանրամասնեց Դավթյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ Արցախի իշխանությունները շտապում են տեղահանել Քաշաթաղի շրջանի Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներին։ Մինչդեռ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդը հավաստիացնում է, որ ոչ մի սանտիմետր չեն հեռանալու Բերձորի միջանցքից: Դավիթ Գալստյանը հույս հայտնեց, որ հանդիպման ժամանակ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները կստանան ռուս պաշտոնյայից։Նշենք՝ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: