Search
Close this search box.

ԱԱԾ-ն հայտնեց միջանցքների երթուղիները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Հիմնավորման մեջ նշվում է, որ «նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ»:

Նշենք, որ օգոստոսի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «ադրբեջանցիները կարող են անցնել Ղազախ-Բերդ, Ղազախ-Իջևան, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով»։

Պուտին-Էրդողան համաձայնություն․ Հայաստանով միջանցքների բացումն արագացվում է հոդվածում անդրադարձել էինք օգոստոսի 1-ից Գեղարքունիքում ու Արցախում ռուս-ադրբեջանական սադրանքներին եւ եզրակացրել, որ դրանք ուղղված են նաեւ Հայաստանի տարածքով միջանցքների բացմանը։ Նշել էինք նաեւ հավանական երթուղիները, որոնք փաստորեն հաստատվում են ԱԱԾ ներկայացրած նախագծում։ ԱԱԾ նախագծում բացակայում է Տավուշի մարզի հիշատակումը․ այստեղ ռուսները դեռ չեն ավարտել իրենց բազայի կառուցումը, որից հետո, Սոթքի պես այդ տարածքը կհայտարարվի «ռուսական պատասխանատվության գոտի»։ Թվարկված մնացած հատվածներում ռուսներն արդեն տեղադրել են իրենց անցակետերը։

Թե ինչ է լինում «ռուսական պատասխանատվության գոտու» հետ՝ հայերը արդեն համոզվեցին Արցախի մի քանի բնակավայրերի տեղահանության եւ ճանապարհների ռեժիմի փոփոխության օրինակներով։ Նույնը ռուսներն իրագործելու են Հայաստանի մյուս մարզերում, համաձայն ՀՀ պետականությունը վերացնելու եւ թուրքերին հանձնելու Լավրովի պլանի։ Պլանի իրագործումն արագացվել է Պուտին-Էրդողան պակտից հետո։

ՀՀ կոլաբորանտ վարչակազմը, որը սպասարկում է այդ հանցավոր պլանը եւ «օրինականացնում» այն իր որոշումներով, Թուրքիայի հետ համաձայնության է եկել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու վերաբերյալ։ Երրորդ երկրների քաղաքացիները բնականաբար ռուսներն ու «ադրբեջանցիներն» են եւ նրանց թույլտվությամբ՝ գուցե այլ երկրների քաղաքացիներ։ Վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ այդ ճանապարհները լինելու են ՀՀ իրավազորության ներքո, չպատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ քաղաքացիները չեն կարող նույն ազատությամբ հատել օրինակ Թուրքիայի հետ սահմանը։ Եվ ինչու «հաղորդակցությունների բացման» վերաբերյալ կետը չի վերաբերում Հայաստանին։ Իրականում, այս հարցերի պատասխանը տվել է Լավրովը, հայտարարելով, որ «Հայաստանի ճանապարհներին ներդրվելու է պարզեցված ռեժիմ», ինչը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է ՀՀ վերահսկողությունից դուրս ճանապարհներ։

Պուտին-Էրդողան պակտով Մոսկվան բանկային, էներգակիրների, սարքավորումների եւ այլ ոլորտներում պատժամիջոցների շրջանցման խնդիրը լուծում է Թուրքիայի հետ, որի համար արագացվում է ուղիղ կապի՝ միջանցքների բացումը Հայաստանի տարածքով։

Այս ֆոնին, ԱԱԾ նախագծում հիշատակվող «հայ-ադրբեջանական սահման» ձեւակերպումն ինքնին խոսուն է․ ո՞րն է այդ սահմանը եւ ո՞վ է որոշել։ Սահմանազատու՞մ է արվել, եւ ի՞նչ քարտեզների հիման վրա։ Եթե արվել է՝ ե՞րբ։ Եվ շատ ավելի խոսուն է ԱԱԾ «հիմնավորումը»՝ անցակետերը դրվում են վարչապետի հանձնարարությամբ։
lragir.am

Please enter a valid URL