«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով զոհված Հրաչյա Սարգսյանը գնացել էր իր առաջին դասարանի աղջկա համար դպրոցական հագուստ գնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարևաններից մեկը: Հարևանի խոսքով՝ Հրաչյայի հետ առևտրի կենտրոն են գնացել նաև կինը և աղջիկը:
«Կինը և աղջիկը փրկվել են, կապտուկներ ունեն: Երևի դրսում են եղել, հստակ չեմ կարող ասել, փրկրարներն են օգնել»,- ասաց նա:
Հարևանը ասաց, որ Հրաչյա Սարգսյանին երկու օր առաջ են կարողացել գտնել, այսօր հուղարկավորել են: Սարգսյանը երեք աղջիկ երեխաների հայր էր։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: