Գործադիրն այսօր կառավարության նիստում հավանություն տվեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է փողոցային առեւտուրը։ Նախատեսվում է, որ չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում համայնքը լիազորություն է ստանում առգրավել եւ հետագայում դատական կարգով բռնագրավել այն ապրանքները, որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։
«Առավոտն» այս խնդրին անդրադարձել էր, ներկայացնելով Հանրապետության հրապարակում իրականացվող առեւտուրը եւ որոշ ծառայությունների մատուցումը։ Այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ այս նախագծին։ Մանրամասնեց, թե ինչ է սահմանվում․ «Կարգը հետեւյալն է՝ չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում Երեւան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը վերահսկողության դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում է առեւտուր իրականացնում, եւ քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, որից հետո այդ սնունդը կենդանիները, կամ այն միջոցները, որով ծառայություն են մատուցում, տեղում պետք է առգրավվեն՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից՝ ոստիկանների հետ համատեղ»։
Հարցին՝ թե ինչո՞ւ այս անգամ կստացվի պայքարը փողոցային առեւտրի դեմ՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ նման նախաձեռնություններ եղել են, սակայն արդյունք չի եղել, քաղաքապետը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ կստացվի, քանի որ ավելացել է այն բաղադրիչը, որ վաճառվող այդ ապրանքները բռնագանձվելու են։ Մինչ այս ստացվում էր այնպես, որ մենք պայմանական վարչական պատասխանատվության էինք ենթարկում, քաղաքացին այդ ապրանքները վերցնում էր, գնում էր, մեկ ժամ հետո վերադառնում էր նույն տեղը։ Երբ ապրանքները առգրավվենք, նորից հետ չեն գնալու»։