Search
Close this search box.

Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են հայ գերիներին։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այցի նպատակը եղել է գերիների պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, նրանց իրավունքների ապահովմանը ծանոթանալը։

Այցի ընթացքում, որին մասնակցել է նաև խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամ-բժիշկը, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանում դատապարտված ՀՀ քաղաքացիների հետ:

«Գաղտնի զրույցների ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր դատապարտյալի համար ապահովվում է հեռախոսային կապը, նամակագրությունը, ընտանիքի անդամների հետ շփումները, տեղեկատվության հասանելիության հնարավորությունները (հեռուստատեսություն, հրատարակություններ), բժշկական սպասարկումը։ Պահման պայմանների և իրենց հանդեպ վերաբերմունքի հետ կապված բողոքներ չեն եղել»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից վստահեցրել են, թե գերիների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվում են գերիների իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունները:

Հիշեցնենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը: Պաշտոնական Երևանը պնդում է, որ այդ թիվն ավելի մեծ է: Իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս 80 մարդ։

Please enter a valid URL