Search
Close this search box.

Պուտինից ստանալով Արցախը, Սիրիան եւ այլ խոշոր բոնուսներ, Էրդողանը գործի է անցել

ԶԼՄ-ները հայտնում են, որ օգոստոսի 18-ին Լվովում կայանալիք հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Զելենսկին, Թուրքիայի նախագահ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղիներ կփնտրեն դիվանագիտական ​​ճանապարհով Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար։

«Կքննարկվեն քայլեր դիվանագիտական ​​ճանապարհով ուկրաինա-ռուսական պատերազմին վերջ տալու համար՝ ակտիվացնելով ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկաներ արտահանելու համար ստեղծված մեխանիզմը», հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Ինչպես եւ ենթադրվում էր, հացահատիկի արտահանման ՄԱԿ-ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա գործարքի նպատակը հրադադարի բանակցությունների դուրս գալն էր, ինչը հաստատում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ «Համաշխարհային պարենային ճգնաժամի» սպառնալիքը, որն ակտիվորեն խաղարկում էին ՌԴ կողմից ՄԱԿ-ի կոռումպացված չինովնիկները եւ «երրորդ երկրների առաջնորդները», որոնք օրերս հավաքվել էին Մոսկվայում՝ ռուսական զենքի ցուցահանդեսին, ինչպես եւ ենթադրվում էր՝ մեծ հաշվով բլեֆ էր․ ցորենով եւ եգիպտացորենով բեռնված ուկրաինական նավերը մեղմ ասած դժվարությամբ են գնորդ գտնում։ Ավելին, տեղեկություն կա, որ այն ցածր գներով պատրաստ է գնել Թուրքիան, այդպիսով վերածվելով սննդամթերքի հաբի։

Սա Պուտինի միակ նվերը չէ Էրդողանին․ Թուրքիան զբաղեցնում է ՌԴ-ից հեռացած արեւմտյան ընկերությունների տեղը, վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիայի արտահանումը ՌԴ վերջին երկու ամիսներին աճել է 50 տոկոսով։ Հայտնի է դարձել ռուսական Ս-400 համակարգերի մատակարարման եւ Թուրքիայում դրա արտադրության կազմակերպման նոր պայմանագրի մասին։

Եվ ամենագլխավորը, ինչպես նշում են ռուս փորձագետները, Պուտին-Էրդողան պակտով Թուրքիան «սկուտեղի վրա» ստացել է Արցախն ու Սիրիան։ Ռուսներն իրականացնում են Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը, հայերի տեղահանությունը եւ Արցախի զինաթափումը, փորձելով արագացնել Արցախը Բաքվին հանձնելու ծրագիրը։ Սիրիայում թուրքերն արդեն հարձակման են անցել Մարդինում եւ Հալեպի վրա։

Փորձագետները նշում են, որ Էրդողանը Պուտինի օգնությամբ ոչ միայն ամրացնում է իր դիրքերը երկրի ներսում, նախագահական ընտրություններից առաջ, այլեւ միջազգային ասպարեզում․ Պուտինը Էրդողանին նշանակել է Ռուսաստանի հետ Արեւմուտքի կապերի միակ միջնորդ, ինչն անկասկած առանցքային է դարձնում նրա միջազգային դերակատարումը։

Ինչ է ակնկալում Պուտինն այս ամենի դիմաց․ ըստ փորձագիտական հանրույթի՝ հրադադար Ուկրաինայում ռուսական պայմաններով, այն է՝ ներկայիս շփման գծի ամրագրում եւ ռուսական նվաճումների «ճանաչում»։ Պարենային, էներգետիկ, միջուկային շանտաժը, Արեւմուտքում ռուսական ագենտուրան եւ լոբբինգն աշխատում են արեւմտյան երկրներին եւ Ուկրաինային «խաղաղության հարկադրելու» ուղղությամբ, ազդելով արեւմտյան հասարակական կարծիքի վրա։ Այս հարցում սակայն անհրաժեշտ են նաեւ լեգալ խողովակներ․ այդ դերը կատարում են ՄԱԿ-ը եւ Էրդողանը։

Հրադադարը կյանքի ու մահվան հարց է Պուտինի կլեպտոկրատ ռեժիմի համար, ռուսական բանակի խոշոր կորուստները եւ ուկրաինացիների հնարավոր հաջող հակահարձակումը կարող են ներքին լուրջ ցնցումների պատճառ դառնալ։

Պուտինն ու Էրդողանը գտնվում են նույն վիճակում եւ փորձում են օգնել միմյանց։ Էրդողանի դիրքերն ավելի գերադասելի են՝ կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ամեն ինչ կբարդի ուկրաինացիների համառության եւ Արեւմուտքի վրա։ Փոխարենը, նա արդեն ստացել է խոշոր զիջումներ եւ պրեֆերենցիաներ։

Lragir.am

Please enter a valid URL