Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել նրա եւ ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։

Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երեւույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։

Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները թանկանում են, եւ սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ։ Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից կամ նրա մամուլի խոսնակից, սակայն, ինչպես միշտ, մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն։

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL