Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե գյուղի ռազմական ավիաբազայի վերևում սև ծուխ է բարձրանում, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով տեղի բնակիչներին։ Նրանք թերթին հայտնել են, որ ռազմաբազայի տարածքում մի քանի պայթյուն է հնչել։
Զինվորականներն ու իրավապահներն ուսումնասիրում են զինամթերքի պահեստի վրա փոքր անօդաչու թռչող սարքերի հարձակման վարկածը, գրում է Коммерсант-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այսօր ավելի վաղ պայթյուններ են որոտացել Ջանկոյի շրջանում․ պայթել է ռուսական զորամասի զինապահեստը։ Վնասվել է նաեւ երկաթուղին, որով ռուսական բանակը տեխնիկա եւ զինամթերք էր տեղափոխում ուկրաինական ճակատ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։ Պայթյունները շարունակվում են, շրջանի բնակչությունը տարհանվել է։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է Ղրիմի Ջանկոյի շրջանում գտնվող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունները․ «Սա հզոր պայթյունների շարան է, որը նոր է սկսվում»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Ղրիմի Նովոֆեդորովկա բնակավայրի մոտ պայթյուններ էին որոտացել Սակիի ռուսական ավիաբազայի տարածքում։ Պայթյունների արդյունքում ոչնչացվել է առնվազն 9 ինքնաթիռ, իսկ օդանավակայանը շարքից դուրս է եկել։
Պատերազմն այսպիսով տեղափոխվեց նա օկուպացված Ղրիմ, որը ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել էր անմատչելի ամրոց։ Հարվածները շարունակվելու են, դրանք ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ու հոգեբանական լուրջ ազդեցություն են ունենալու հետագա զարգացումների վրա։
2014-ին Ղրիմի ռուսական բռնակցումից ոգեւորված հայերը հարցադրումներ էին հղում Մոսկվա, որ Ռուսաստանը ճանաչի Արցախը, նկատի առնելով, որ ինչպես Ղրիմը 1954 թ․ ԽՄԿԿ ղեկավարության որոշումով անցել էր Ուկրաինային, այնպես էլ 1923-ին Արցախը կամայական որոշումով Մոսկվան նվիրաբերել էր Բաքվին։ Լավրովն այն ժամանակ կտրուկ փակեց թեման՝ Ղարաբաղի խնդիրն այլ է, կապ չունի Ղրիմի հետ։
Իրականում Ղրիմի բռնակցումը Արցախում Հայաստանի դեմ արշավի «սկիզբն» էր։ 2013-14-ին Կրեմլի հռչակած «քաղաքական նոր կուրսը» ենթադրում էր հայկական պետականության լուծարման ռուսական ծրագրերի մեկնարկը։ Հայաստանի դեմ 2015-16-ի ագրեսիան, 2020-ի սեպտեմբերի 27-ին թուրքերի հետ համատեղ ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումը» մասնավորապես Արցախը թուրքերին հանձնելու պլանի իրագործման փուլերն են։
Ռուսաստանը «ստանում է» Ղարաբաղը Ղրիմում։