Search
Close this search box.

Ռուսաստանյան հիվանդանոցները պատրաստ են աջակցել ՀՀ–ին. դեսպանատուն

Ռուսաստանյան հիվանդանոցները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո պատրաստ են աջակցել Հայաստանին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիան և Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանը (Նիժնի Նովգորոդ) հայ բարեկամներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։

Բացի այդ, պայթյունի հետևանքների վերացմանը առաջին իսկ րոպեներին միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։

Կենտրոնը փրկարարական սարքավորումներ և տեխնիկա է փոխանցել, որոնք օգնել են գնահատել ավերածությունների ծավալը և բացահայտել հրդեհի օջախները: Դեպքի վայրում է նաև վթարային-փրկարարական մեքենան՝ հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով։ Կենտրոնի աշխատակիցները ԱԻՆ-ի հետ լուսավորություն են տեղադրել, որը թույլ է տվել աշխատանքը շարունակել նաև գիշերային ժամերին:

«Շարունակում ենք ուշադիր հետևել ՀՀ ԱԻՆ աշխատակիցների անձնվեր աշխատանքին»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL