Հայաստանի դեմ ռազմական եւ հիբրիդային պատերազմի պլանավորման մեջ հատուկ տեղ էր հատկացված քաղաքական համակարգում, ուժային բլոկում ագենտուրայի գործունեությանը եւ քարոզչությանը, որը պետք է անշրջելի դարձներ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործումը։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի նախնական պլանների տապալումը կապված էր նաեւ այն բանի հետ, որ պետական համակարգում, ուժային բլոկում եւ ՏԻՄ-երում ձեւավորված ագենտուրան հիմնականում չկատարեց կամ չկարողացավ կատարել իր գործառույթները։ Գործակալական այդ բջիջները ձեւավորվել էին տարիների ընթացքում, Մոսկվան, ինչպես պարզվեց ուկրաինական եւ արեւմտյան հետախուզությունների փաստագրված բացահայտումներից, այդ բջիջները ձեւավորելու վրա ծախսել էր միլիարդավոր դոլարներ։
Նրանց գործառույթը Ուկրաինայում խափանարար գործունեությունն էր եւ հավաքագրումները, իսկ ռուսական ներխուժումից հետո նրանք տեղերում պետք է կազմակերպեին «ժողովրդական բողոքի ցույցեր» ՏԻՄ մարմինների գրավմամբ, ինչպես նաեւ ռուսական բանակի մուտքը աղուհացով դիմավորելը։ Այդտեղից էր գալիս ռուսական պետական պրոպագանդոնների վստահությունը, որ Ուկրաինան չի դիմադրելու, այդտեղից էր նաեւ ներխուժման առաջին օրերին Պուտինի կոչն ուկրաինացի ուժայիններին՝ իրականացնել պետական հեղաշրջում եւ իշխանությունից հեռացնել «նարկոմաններին ու նացիստներին»։ Թերեւս նաեւ դրա համար է Կրեմլը պատերազմն անվանում «հատուկ գործողություն»։
Ռազմական գործողությունների զուգահեռ Ուկրաինայում սկսեցին բացահայտել ու վնասազերծել ռուսական ագենտուրան կառավարության, ուժայինների, խորհրդարանի ու ՏԻՄ-երի շարքերից։ Ուկրաինացի պարտիզանները կոլաբորանտներին պատժում ու վնասազերծում են նաեւ օկուպացված շրջաններում։
Ինչով է կարեւոր Ուկրաինայի օրինակը։ Բանն այն է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ռազմական ու հիբրիդային արշավի պլանավորումն ու մեթոդաբանությունը, ռուսական քարոզչության հիմնական թեզերը նույնն են, պարզապես Հայաստանի դեմ Ռուսաստանը գործում է թուրքերի թիկունքում։ Ուկրաինայի իրադարձություններով հայերը կարող են հասկանալ, թե ով, ինչ եւ ինչպես է իրագործել Հայաստանի դեմ։ Առավել եւս, որ Ուկրաինայի դեմ պատերազմի որոշումը Կրեմլում կայացրին Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի հաջողությունից ելնելով։
Հայաստանում աշխատեց այն ամենը, ինչ պլանավորել էին Կրեմլում․ ռազմական արշավը ձեւակերպվեց որպես «թուրք-ադրբեջանական ագրեսիա», իսկ Ռուսաստանը՝ փրկիչ, որը կանգնեցրեց պատերազմը։ Հայաստանի մասնատման եւ օկուպացիայի համար իշխանությունն ու ռուսանպաստ ընդդիմությունը երախտագիտություն հայտնեցին Պուտինին եւ հավատարմություն՝ նոյեմբերի 9-ի թղթին։ Ահա այն, ինչ Պուտինն ակնկալում էր ստանալ Ուկրաինայում։
Սակայն նա Ուկրաինայում ոչ միայն չստացավ դա, այլեւ բոլոր հայտարարված նպատակները բումերանգի պես շրջվեցին իր դեմ՝ ուկրաինական բանակը հաջողությամբ իրականացնում է Ռուսաստանի ապառազմականացումը՝ խոշոր կորուստներ պատճառելով ռուսական զորքին, ինչը հեռանկարում հանգեցնելու է նաեւ Ռուսաստանի դենացիֆիկացիային, ՆԱՏՕ-ն ընդլայնվում է եւ ամրանում Ռուսաստանի սահմաններին, պատժամիջոցները քանդում են ռուսական առանց այդ էլ հետամնաց տնտեսությունը, Ռուսաստանից հեռանում է հասարակության «որակյալ փոքրամասնություն» կազմող անգին շերտը, որը ցանկացած պետության զարգացման հիմքն է։
Այս ամենը պուտինյան Ռուսաստանի անխուսափելի անկման եւ ՌԴ աշխարհքաղաքական նահանջի նախադրյալներն են, որոնք սկիզբ առան Կրեմլի 2014-ին հռչակած «քաղաքական նոր կուրսով»։ Այդ կուրսի առաջին թիրախն ու զոհը դարձավ Հայաստանը, միեւնույն ժամանակ՝ միակ ու վերջին հաջողությունը։
Այդ հաջողությունը ձեռք բերվեց հայ հանրության օտարասիրության, տվյալ դեպքում՝ ռուսասիրության, պրիմիտիվ սխեմաներին հակվածության պատճառով։ Ռուսական պրոպագանդան կառուցված է եւ խրախուսում է հենց այս իրողությունը, դրա շրջանակում են գործում ռուսանպաստ գործակալական քաղաքական դասը, զլմ-փորձագիտական հանրույթը։ Նոյեմբերի 9-ից ի վեր այս շրջանակներն իրագործում են հանրության ապակողմնորոշման եւ հուսալքման առաջադրանքը նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության շրջանակներում։
Որքան բացահայտ է դառնում ռուսական քաղաքականության էությունը, այնքան ավելի է ընդգծվում ՌԴ քաղաքականությունն ու իրողություններն արդարացնելու եւ հիմնավորելու փաստարկների անհեթեթությունը եւ քարոզչական աղբը։ Մեկ կենտրոնից ուղիղ հրահանգավորմամբ աշխատողների եւ պարզապես «օգտակար ապուշների» ժամանակը սպառվում է։ Հետաքրքիր է՝ ինչ են անելու Ռուսաստանի անխուսափելի հեռացումից հետո։
Ռուսական կայսերականության գաղափարախոսներից Սերգեյ Կուրղինյանը ժամանակին բողոքում էր, թե ինչու են ՌԴ համապատասխան մարմինները «տեղերում» ընտրում, կամ ինչու են ՌԴ հետ ցանկանում աշխատել անսկզբունք, բարոյական, քաղաքական եւ այլ հատկանիշներից զուրկ մարդիկ, որոնք երբ ժամանակը գալիս է՝ կամ փախչում են, կամ ընդունակ չեն որեւէ հանձնարարություն կատարել։ Սերգեյ Երվանդովիչը ասում էր ցավով, միաժամանակ չնշելով, թե ինչպես է դասավորվում այդ մարդկանց ճակատագիրը հետագայում։
Հայկական ռուսանպաստ «ընդդիմությունը» եւ մեդիա-փորձագիտությունը, սկզբունքորեն լավ կատարելով իր առաջադրանքը, մինչ այժմ զարմացած է, թե ինչու Մոսկվան նոյեմբերի 9-ից հետո առնվազն երկու անգամ գցեց իրենց՝ չէ՞ որ իրենց ամբողջ գաղափարաբանությունն այն էր, որ ռուսներին ձեռնտու չէ «թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ սորոսական-թրքամետ Նիկոլի իշխանությունը»։ Ռուսները «յուրայիններին չհանձնելուց» բացի, նաեւ հետքերը մաքրելու սովորություն ունեն։
lragir.am