Քաղաքական թեմաներով գրառումներ կատարող եւ հարցազրույցներ տվող բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի այն միտքը, թե Բերձորը հանձնելով փակվում է նոր Քոչարյանների իշխանության գալու ճանապարհը, բուռն քննարկումների տեղիք է տվել: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է բժիշկը վերաբերվում իր ասածի վերաբերյալ արձագանքներին:
«Ուղղակի նման վերնագիր է դրել լրատվականը, խոսքը հենց էդպես չի, խոսքն այնպիսին է, որ Լաչինի միջանցքով մեզ շանտաժ են անում, որպեսզի մենք Մեղրիի միջանցքը տանք, որին մենք չենք տրվի»,-ասաց Մանասյանը: Մեր դիտարկմանը, որ շատերն իրեն մեղադրում են իշխանության, նրա պարտվողականության քարոզիչը լինելու մեջ, Հայկ Մանասյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Իշխանությունն ուզում է Մեղրիի միջանցք տալ, ես էլ ասում եմ՝ Մեղրիի միջանցք տվողին ամենավերջին հայհոյանքները, հիմա ես ինչքանո՞վ եմ իշխանության քարոզիչը… Ավելին, իշխանությունն ուզում է տալ Մեղրիի միջանցքը, եւ իշխանությանը իբր ընդդիմադիր քոչարյանական ուժերը ձայն չեն հանում դրա մասին, լիքը մարդիկ ձայն չեն հանում՝ Դաշնակցությունից սկսած, ԱԺԲ-ով վերջացրած: Հարց՝ հիմա մեզանից ո՞վ է իշխանության քարոզիչը:
Ես, որ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա քոչարյանական կամ ԱԺԲ-ական ճամբարում, Դաշնակցության ու այլ ուժերի մեջ: Միգուցե դրանից իրենք վատ են զգում, որովհետեւ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է: Հա, Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է:
Ես դա կրկնում եմ: Երկրի սուվերենության հարցում հենց հիմա բոլորը միաձայն լռում են, էն դեպքում, երբ Իրանն ասել է՝ ես միջամտելու եմ ցանկացած փոփոխության փորձի դեպքում: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը քաղաքական կամք չի դրսեւորում»: