«Հրապարակ» թերթը գրում է. ՌԴ արտաքին գերատեսչությունից նախօրեին հնչած հայտարարությունը, որ «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա» որոշակի հույսեր է առաջացրել Արցախում: Բանն այն է, որ այդ հայտարարության համաձայն՝ պետք է պահպանվի Հայաստանը Արցախին կապող ճանապարհի միջանցքային տրամաբանությունը, նաեւ նոր երթուղու պարագայում, ինչը նշանակում է, որ Աղանուս համայնքը, հարակից այլ համայնքներ էլ կարող են կրկին վերաբնակեցվել, որոնք դատարկվել են պատերազմից հետո։ Իհարկե, Աղավնոն, Բերձորը պահելն անհնար կլինի, սակայն որպես մխիթարություն 2-3 գյուղ վերաբնակեցնելու հնարավորություն կստեղծվի։
Արցախում խոսում են նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր եռակողմ համաձայնագիր ստորագրել մինչեւ օգոստոսի 25-ը, որը նման հնարավորություն կընձեռի՝ հարակից գյուղերը Արցախին վերադառնալու առումով։ Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:
Հիշեցնենք, որ Ալիեւ-Փաշինյանին մի հանդիպում էլ օգոստոսին նախատեսված է Բրյուսելում։ Այդ հանդիպման մասին նախնական պայմանավորվածությունը կայացվել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ մայիսի 23-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։