Search
Close this search box.

Արցախում պետք է զգուշանան «խաղաղապահներից»․ նրանց «առաքելությունն» արագացվում է

Արցախում այսօր առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել․ ռուս զինվորականների մեքենան մեծ արագությամբ բախվել է արցախցու մեքենային՝ դառնալով 4 զոհի պատճառ։ Հանգամանքները պարզվում են, ինչպես տեղեկացնում են արցախցի իրավապահները։

Պուտին-Էրդողան պակտի նախօրեին մեկնարկած՝ ռուսական կոնտինգենտի առաջնորդությամբ Լաչինի միջանցքի իրադարձությունները եւ Բաքվի հարձակումները երեք ուղղություններով նշանավորեցին ռուսական «առաքելության» ավարտը։ Մոսկվան ու Բաքուն արագացնում են Արցախի «ընդունման-հանձնման» գործընթացը ճանապարհների ռեժիմի փոփոխության, հայկական բնակավայրերի տեղահանման եւ զինաթափման վերջնագրերով։

Բազմիցս նշել ենք, որ ռուսական կոնտինգենտը ոչ թե խաղաղապահ, այլ օկուպացիոն զորք է, որի մուտքը Արցախ հնարավոր էր միայն Հայաստանի դեմ պատերազմի եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում։ Ռուսական կոնտինգենտը տարածաշրջանից ռուսների սահուն նահանջի եւ Հայաստանը թուրքերին հանձնելու Լավրովյան հնգամյա պլանի իրագործման երաշխավորն է։ Ներկայում ռուսները փորձում են արագացնել հենց այս պլանը, ինչը նշանակում է, որ ռուսական կոնտինգենտը գործելու է այս տրամաբանության մեջ։

Հիշվում են 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին այդ տարիների ռուս «խաղաղապահների» վայրագությունները Տավուշում, Արցախում եւ Կասպից արեւմուտքի հայաբնակ ընդարձակ շրջաններում՝ երկու Կոլցո պատժիչ գործողությունների, հայերի տեղահանության, սպանությունների, հայկական բնակավայրերի շուրջկալների ձեւով։ Դա տեղի էր ունենում Ռուսաստանի նահանջի նախօրեին։ Ռուսաստանի հեռանալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց՝ հայերը վերականգնեցին կորուստների մի մասը։

Զուգահեռներն իհարկե որոշակի առումով պայմանական են, բայց գործընթացների զարգացման տրամաբանությունը նույնն է։ 1990-ականներին ազգային 100 նվիրյալների խումբը շրջեց իրադարձությունների ընթացքը։ Նրանցից շատ-շատերի անունները հայերը չգիտեն էլ։ Կա՞ն հիմա նման նվիրյալներ, որոնք ունակ են գնահատել իրավիճակը եւ կայացնել ինքնիշխան որոշումներ, այդ թվում՝ զինված դիմադրության։

Արցախի ինքնապաշտպանության ուժերը պետք է պահպանվեն, Մոսկվայի ու Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի կոլաբորանտ վարչակազմերի հանցավոր պահանջները եւ շանտաժը չպետք է կատարվեն։ Անելիքը հայ ժողովրդինն է։
lragir.am

Please enter a valid URL