Search
Close this search box.

Անդրկովկասում նոր միջանցքներ են գցվում

Օգոստոսի 9-ին ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հրապարակում է արել Արցախում եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Հոդվածի հեղինակները երկուսն են՝ ռուսաստանցի Կիրլի Կրիվոշեեվը եւ հայաստանցի լրագրող Արշալույս Մղդեսյանը, ում մարդիկ ճանաչում են որպես Մեդիակենտրոնի ասուլիսները վարող։ Հոդվածի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք ձեզ։

«Ղարաբաղում 2020-21 թվականի ձմեռվանից հետո առաջին անգամ վերսկսվել է տարածքները Ադրբեջանի հսկողությանն հանձնելու գործընթացը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքում եղած բնակավայրերին, որոնք կապում են ռեգիոնը Հայաստանի հետ։ Ինչպես հայտարարել են ԼՂ բնակիչներին տեղի իշխանությունները, ադրբեջանական զորքերն այդ ռեգիոն են մտնելու օգոստոսի 25-ին։

Իրադարձությունը կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ, քանի որ հենց այդ ճանապարհով է անցնում գազամուղը, որից կախված է ԼՂ ողջ հայ բնակչությունը։ Սրան զուգահեռ, ընթանում է ակտիվ նախապատրաստություն այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի գործարկման համար, որը թույլ կտա Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներին հատել Հայաստանի հարավը։

Օգոստոսի երեքին հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ տեղի ունեցած բախումներից հետո, ռեգիոնում ամենաքննարկվող թեման բնակավայրերի՝ Ադրբեջանի հսկողությանն հանձնելն է։ Խոսքը վերաբերում է Լաչին կամ Բերձոր քաղաքին, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերին, որոնք գտնվում են միջանցքի երկարությամբ, այսինքն՝ վերջին բախումների վայրին շատ մոտ։
Ուշագրավ է այն, որ ադրբեջանական կողմից ոչ ոք չի ասում, որ այդ գյուղերի հայ բնակչությունը պետք է տեղահանվի, ավելին՝ ժամանակային սահմանների մասին էլ Ադրբեջանում չեն խոսում։ Սակայն ԼՂՀ պաշտոնյաները կոնկրետ ամսաթիվ են ասում, եւ մինչեւ այդ օրը հայերը պետք է հեռանան իրենց տներից։ Այդ ամսաթիվը օգոստոսի 25-ն է>։ 
Ռուսական պարբերականի հետ զրույցում, Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտարարել է, որ բնակիչներն աստիճանաբար հեռանում են, տարհանվում։ Գյուղապետն ասել է, որ ոչ մեկը չի ուզում, սակայն հարկադրված են հեռանալ, քանի որ առանց պետության աջակցության, գյուղը պահել հնարավոր չէ։

«Հայկական մամուլի հրապարակումների համաձայն, Բերձորում եւ Աղավնոյում մինչ այժմ մնացել է 378 բնակիչ, այն դեպքում, երբ Սուս գյուղը դատարկվել է դեռ 20 թվականի պատերազմի ժամանակ։ Նշենք, որ օգոստոսի երեքի բախման նախորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ ավարտել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ Այդ ճանապարհի մասին կա արձանագրում 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի որ ներկայումս հայերը Ստեփանակերտ կարողանում են հասնել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Շուշիով, ինչը պահանջում է, որ ռուս խաղաղապահները հատուկ վերահսկողություն իրականացնեն։ Սակայն, որպեսզի այդ ճանապարհը կապվի Հայաստանի հետ, պետք է Հայաստանը կառուցի ութ կիլոմետր ձգվածությամբ ճանապարհ, ինչը չի արվել։ Հիմա կարծես թե աշխատանքները սկսվել են, բայց ավարտվելու են միայն հաջորդ տարվա գարնանը։

Շատ ավելի բարդ հարց կարող է լինել, ինչի մասին խոստովանում են եւ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները, քան ճանապարհների հարցն է, ԼՂՀ-ին կենսականորեն անհրաժեշտ էներգառեսուրսներովէ գազով եւ էլեկտրականությամբ մատակարարման հարցը։ Եւ էլեկտրահաղորդման գծերը եւ գազամուղը եւ նույնիսկ ինտերնետ կաբելը անցկացված են այդ հին ճանապարհի երկայնքով։ Եւ պարզ չէ, թե ադրբեջանցիները ինչպես կվարվեն այդ կոմունիկացիաների հետ, եթե նոր տարածքները արդեն իրենցով անեն»։ 

Արցախի ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ այդ կոմունիկացիաները կտեղափոխվեն, միակ խնդիրը գազն է։ Գազամուղը եւս կկառուցվի նոր ճանապարհի երկայնքով, սակայն դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Ադրբեջանցի խորհրդարանական Ռասիմ Մուսաբեկովն էլ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ Բաքվում առանձնապես խիստ արգելք դրված չէ կոմունիկացիաների օգտագործման հետ կապված։ Սակայն եւ շեշտել է, որ ամեն բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կձեւավորվեն՝ եթե առճակատում լինի հայկական կողմից, ապա իրենք գործի կդնեն բոլոր լծակները։ Ադրբեջանը, ըստ Մուսաբեկովի, միայն մեկ խնդիր է դրել՝ Ղարաբաղի ամբողջական եւ իրական ապառազմականացումը, տեղի զինված կազմավորումների լուծարումը։ Մուսաբեկովը միակը չէ, ով այդպես է կարծում։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամմադովն էլ «Կոմերսանտի» հետ զրույցում կարծել է, որ կոմունիկացիաների հարցը «բաց է» եւ ամեն բան կախված կլինի այն բանից, թե դուրս կբերվե՞ն արդյոք հայկական զինված ուժերը եւ կազմավորումները Ղարաբաղից, ու նաեւ, թե ինչ որոշում կկայացվի Զանգեզուրի հետ կապված։ Մամմադովը հասկացրել է, որ եթե Հայաստանը իր ստանձնած պարտավորությունները չկատարի, ապա Ադրբեջանն էլ համարժեք կերպով կարձագանքի։ «Կոմերսանտը» նշում է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» եւս մեկ տրանսպորտային երթուղի է, որի մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին օրերին։ 
«Այսպես, Ադրբեջանում եւ Թուրքիայում այն համարում են ավտոմոբիլային ճանապարհ եւ երկաթուղի, որով Բաքուն կկապվի Նախիջեւանի ԻՀ հետ։ Այդ ճանապարհը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցել է եւ հիմա պետք է վերականգնվի։ Անցնելու է Հայաստանի հարավային Սյունիքի մարզով։ Այսպիսով, Ադրբեջանը ոչ միայն հնարավորություն կունենա իր տարածքն ապահովելու ապրանքներով, այլ նաեւ ձեռք կբերի ամենակարճ ցամաքային ճանապարհը՝ դեպի Թուրքիա մեկնելու համար։ Սակայն Երեւանում պնդում են, որ այդ ճանապարհը չի կարելի միջանցք անվանել, քանի որ այն չի ունենալու էքստարածքային կարգավիճակ։ Երեւանում այս ընթացքում մեծ արձագանք (աղմուկ) առաջացրեց այն, որ ռուս սահմանապահները, որոնք ապահովում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների պահպանությունը, անցակետ են տեղադրել Մեղրի- Ագարակ ճանապարհին։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը դա անվանել է անվտանգության միջոցառում, քանի որ ավելացել են Իրանից Հայաստան թմրանյութերի տեղափոխման դեպքերը։ 
Սակայն Հայաստանում բոլորը չէ, որ հավատացել են այդ մեկնաբանությանը, քանի որ «Զանգեզուրյան միջանցքի» տամաբանության համաձայն, ճանապարհներն անցնելու են հենց Մեղրիով, իսկ անվտանգությունն այդ ճանապարհների, ապահովելու են ռուս սահմանապահները եւ Հայաստանում արդեն որոշակի քաղաքական հայտարարություններ հնչում են, որ ընթանում է այսպես կոչված միջանցքի բացման աշխատանքները»։ 

«Կոմերսանտ»

Please enter a valid URL