ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: